Ռուսաստանի Դաշնությունը բաց է Ուկրաինայի վերաբերյալ երկխոսության համար՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար, սակայն բանակցությունները պետք է հաշվի առնեն Մոսկվայի շահերը եւ ուղեկցվեն գլոբալ կայունության եւ անվտանգության հուսալի երաշխիքների քննարկմամբ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է չինական «Xinhua» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ, որի տեքստը հրապարակվել է նաեւ Կրեմլի կայքում։
«Մենք ցանկանում ենք այս հակամարտության համապարփակ, կայուն եւ արդարացի լուծում խաղաղ ճանապարհով։ Եվ բաց ենք Ուկրաինայի հարցով երկխոսության համար»,-ասել է ՌԴ նախագահը։
Նա նշել է, որ դրանք պետք է լինեն այնպիսի բանակցություններ, որոնք հաշվի կառնեն «այս հակամարտությունում ներգրավված բոլոր երկրների, այդ թվում՝ մեր շահերը՝ Համաշխարհային կայունության, ինչպես հակառակ կողմի, այնպես էլ, իհարկե, Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մասին լուրջ զրույցի հետ միասին»։
Միաժամանակ Պուտինը խնդիրներ է տեսնում Արեւմուտքի կողմից նման երաշխիքների տրամադրման հուսալիության հետ կապված։
«Եվ գլխավոր խնդիրը հենց ցանկացած երաշխիքի հուսալիությունն է, քանի որ գործ ունենք պետությունների հետ, որոնց իշխող շրջանակները նախընտրում են ոչ թե միջազգային իրավունքի վրա չհիմնված աշխարհակարգ, այլ «կանոնների վրա հիմնված կարգ», որի մասին նրանք մշտապես խոսում են, բայց դրանք ոչ ոք չի տեսել, որոնց հետ ոչ ոք համաձայն չէ, եւ որոնք, ըստ երեւույթին, փոխվում են՝ կախված ներկա քաղաքական իրավիճակից եւ դրանք հորինողների շահերից»,-նշել է Ռուսաստանի նախագահը։
Բայց եւ Ուկրաինայի հարցով, Պուտինի խոսքերով, Մոսկվան պատրաստ է բանակցությունների։
«Ավելին, մենք վարել ենք այդ բանակցությունները»,- ասել էՌԴ նախագահը` հիշեցնելով, որ 2022 թվականի ապրիլին Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի պատվիրակությունները պատրաստել են ապագա խաղաղության համաձայնագրի նախագիծ՝ հաշվի առնելով Կիեւի պահանջները, այդ թվում՝ Ուկրաինայի անվտանգությունն ապագայում ապահովելու հետ կապված։
Պուտինը հիշեցրել է, որ ուկրաինական պատվիրակության ղեկավարը նախաստորագրել է փաստաթղթի նախագծի հիմնական դրույթները։
«Արեւմտյան գործընկերները մեզ համոզում էին, որ պետք է պայմաններ ստեղծվեն այս համաձայնագրի վերջնական հաստատման եւ ստորագրման համար։ Եվ գլխավորը ռուսական զորքերի դուրս բերումն էր Ուկրաինայի մայրաքաղաքից՝ Կիեւից։ Մենք արեցինք դա»,-պատմել է Պուտինը։
Սակայն, նրա խոսքով, ուկրաինական կողմը խաղաղության համաձայնագիր ստորագրելու փոխարեն անսպասելիորեն հայտարարեց բանակցությունների դադարեցման մասին։
«Ինչպես ավելի ուշ հայտարարեցին ուկրաինացի պաշտոնյաները, դա ներառյալ այն պատճառով, որ իրենց արեւմտյան դաշնակիցները խորհուրդ էին տվել շարունակել ռազմական գործողությունները եւ աշխատել իրենց հետ, որպեսզի հասնեն Ռուսաստանի ռազմավարական պարտությանը»,-ասել է Պուտինը եւ հավելել, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել բանակցություններից։