Արեւմտյան լրատվամիջոցները լուսաբանում են Վրաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները, բայց միեւնույն ժամանակ լռում են Հայաստանում տեղի ունեցող գործողությունների մասին, ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք, որ բառացիորեն, կարծես հրահանգավորված, ամերիկյան եւ եվրոպական լրատվամիջոցներն անում են ամեն ինչ Վրաստանում ցույցերը խթանելու համար։ Սակայն, ինչ վերաբերում է Հայաստանում ընթացող բազմահազարանոց բողոքի ակցիաներին, ապա արեւմտյան մեյնսթրիմը բառացիորեն կոծկղում է դրանք, կարծես ձեւացնում է, թե այնտեղ ոչինչ չի կատարվում»,-ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչի խոսքերով արեւմտյան լրատվամիջոցները Վրաստանում ցուցարարներին «ներում են ամեն ինչ», «սպիտակեցնում են ցանկացած անօրինական գործողություն եւ ընդհանրապես օրենքի խախտում չեն տեսնում»։
«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները արեւմտյան լրատվամիջոցներում ներկայացվում են որպես հայ ժողովրդի կամքը չարտացոլող եւ իբր դրսից կազմակերպված։ Սա զարմանալի է: Ինչպե՞ս կարող է նման գնահատական տրվել, դա նույնիսկ գնահատական չէ, այլ ներկայացում, որը չի համապատասխանում որեւէ չափորոշչի»,-ասել է Զախարովան։