Եվրամիությունը Վրաստանին կոչ է արել հրաժարվել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքից՝ նշելով, որ դա բացասաբար է անդրադառնում Եվրամիությանն անդամակցելու նրա հավակնությունների վրա։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի եւ Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
«Այս օրենքի ընդունումը բացասաբար է անդրադառնում Վրաստանի՝ ԵՄ-ին միանալու առաջընթացի վրա։ Ապագա ճանապարհի ընտրությունը Վրաստանի ձեռքում է։ Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին չեղարկել օրենքը, պահպանել իրենց հավատարմությունը ԵՄ ճանապարհին եւ առաջ տանել անհրաժեշտ բարեփոխումները, որոնք մանրամասն նկարագրված են ինը քայլերում»,-ասվում է հայտարարության տեքստում։
Դրանում նաեւ ասվում է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել վրաց ժողովրդին, երբ նրանք ձգտում են եվրոպական ապագայի:
«ԵՄ-ն աջակցում է վրաց ժողովրդին եւ նրա ընտրությանը` ի նպաստ ժողովրդավարության եւ Վրաստանի եվրոպական ապագայի: Քաղաքացիական հասարակության անդամների, քաղաքական առաջնորդների եւ լրագրողների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների նկատմամբ ահաբեկումները, սպառնալիքները եւ ֆիզիկական բռնությունն անընդունելի են։ Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին հետաքննել այս փաստագրված գործողությունները»,-ասվում տեքստում։
Հայտարարության համաձայն՝ Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ է շնորհել՝ պայմանով, որ իրականացվեն ինը քայլերը, որոնք նախատեսված են Եվրոպական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի առաջարկություններում։ Ընդգծվում է, որ այդ քայլերը պահանջում են մարդու իրավունքների պաշտպանություն եւ քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների ազատության ապահովում։
«Սակայն, չնայած զանգվածային բողոքներին եւ միջազգային հանրության միանշանակ կոչերին, Վրաստանի կառավարության իշխող մեծամասնությունը խորհրդարանում երրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ ԵՄ-ն հստակ եւ բազմիցս հայտարարել է, որ օրենքի ոգին եւ բովանդակությունը չեն համապատասխանում ԵՄ հիմնական նորմերին եւ արժեքներին»,-ասվում է Բորելի եւ Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ եւ վերջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին հաջորդել է զանգվածային բողոքի ակցիաների շարունակումը Թբիլիսիում։