Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է իր այցերը Իսպանիա եւ Պորտուգալիա, որոնք պետք է կայանային այս շաբաթվա վերջին։ Ինչպես հաղորդում է CNN Portugal-ը, ուղեւորությունների չեղարկման պատճառը ռազմաճակատում ստեղծված ծանր իրավիճակն է։
«Առանց մանրամասների՝ ուկրաինական պետության ղեկավարի շրջապատը պետք է հասկանար, որ ռազմաճակատի մի քանի հատվածներում, մասնավորապես Խարկովում ստեղծված ծանր իրավիճակը ներկայումս չի խրախուսում արտասահման մեկնելը»,-գրում է լրատվականը։
Զելենսկին Իսպանիա պետք է այցելեր ուրբաթ օրը՝ մայիսի 17-ին։ Մադրիդում նախատեսված էր Ուկրաինայի նախագահի եւ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հանդիպումը։ Սպասվում էր նաեւ, որ Զելենսկին կհանդիպի Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ՝ անվտանգության երկկողմ համաձայնագիր ստորագրելու համար։
Զելենսկին պետք է առաջին անգամ այցելեր Իսպանիա՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց հետո։
Ուկրաինայի նախագահը Պորտուգալիա նույնպես չի այցելել 2022 թվականի փետրվարից հետո։ Վերջին անգամ Լիսաբոն նրա ուղեւորությունը նախատեսված է եղել 2023 թվականի աշնանը, սակայն, ի վերջո, այն չեղարկվել է։ Լիսաբոնում Զելենսկին, ըստ SIC Notícias-ի, նույնպես պետք է ստորագրեր անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ համաձայնագիր։