«Երբ Բագրատ սրբազանն այս պայքարը սկսեց, իմ մեջ Արցախ վերադառնալու հույս արթնացավ։ Մինչ այս տատս ասում էր՝ հավատում է, որ վերադառնալու ենք Արցախ, ասում էի՝ անգամ Հայաստանի ճականատգիրն է վտանգված, ինչպե՞ս պիտի վերադառնանք։ Մասնակցելով հանրահավաքներին, տեսնելով ոգեւորված ու պայքարող քաղաքացիներին՝ արդեն ես էլ եմ հավատում, որ կարող ենք մի օր գնալ Արցախ»,- խոսելով Տավուշի թեմի առաջնորդի գլխավորած շարժման մասին՝ ասում է արցախցի Էլեն Հովհաննիսյանը, որն այժմ ընտանիքի հետ ապրում է Կոտայքի մարզում։
Նա մտավախություն ունի․ եթե գործող իշխանությունը շարունակի պաշտոնավարել, թշնամին կհասնի Երեւան։ Էլենի ընտանիքի անդամները մասնակցում են հանրահավաքներին, ուսանող եղբայրն էլ դասադուլ է անում։
Էլենը նկատել է՝ կան մարդիկ, որոնք անտարբեր են այնքան ժամանակ, քանի դեռ թշնամին իրենց տուն չի հասել։ Բայց հարկավոր է հասկանալ, որ Տավուշի, Սյունիքի, Արարատի, Գեղարքունիքի բազմաթիվ բնակավայրեր կարող ենք կորցնել։
«Բագրատ սրբազանը հավասարակշռված է, անչար, իմաստուն։ Չեմ լսել, որ որեւէ մեկին վիրավորի, անհարգալից խոսի մեկի մասին։ Ես հավատում եմ, որ նրա առաջնորդությամբ այս պայքարը կարող է հաջողության հասնել, որից հետո հնարավոր կլինի վերջապես գահավիժումը դադարեցնել։ Աստծո օգնությամբ կկարողանանք դուրս գալ այս դժվարին վիճակից»,- ասում է էլենը։
Հռիփսիմե Արշակյանն Արարատի մարզում է ապրում եւ բոլոր հանրահավաքներին մասնակցում է։ Ուշ ժամերին տուն վերադառնալը դժվար է, բայց հաղթահարում է։ Նա հավատում է Հայ առաքելական եկեղեցու զորությանը, հայ ժողովրդի միասնությանը։ Վստահ է՝ շարժումը հաջողությամբ կպսակվի։
«Այս իշխանությունը թշնամու կամակատարն է դարձել։ Բայց մեր շարժումը պարզապես իշխանություն փոխելու համար չէ․․․ Աշխարհում ամենասարսափելի բանը հայրենիք չունենալն․ սա հայրենիք ունենալու պայքար է»,- ասում է Հռիփսիմեն։
Երեւանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆալուլտետի երկրորդ կուրսում սովորող Էլեն Իսրայելյանը մասնակցում է հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին։ Ասում է՝ համալսարանականների մեծ մասը միացել է շարժմանը։ Էլենի հայրն՝ ազատամարտիկ Արկադիա Իսրայելյանը զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմում։
«Ես պայքարում եմ, որ մեր հայրենիքը, իմ հոր պահած հողը չտան թշնամուն»,- ասում է Էլենը։
Արցախցի Նաիրա Վանյանը շարժման մասնակիցներից է։ Նա սարսափում է այն մտքից, որ Հայաստանը եւս կարող է Արցախի ճակատագրին արժանանալ։ «Չենք կարող Հայաստանն էլ կորցնել։ Կորուստներ չունենալու համար պիտի իշխանափոխություն լինի։ Պիտի հայրենիքը սիրող, ազգային իշխանություն ունենանք, որ օրեցօր մաս-մաս չզավթեն մեր հայրենիքը»,- եզրափակում է Նաիրա Վանյանը։
Մայր բուհի ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանն ասում է՝ համալսարանականները ազատ արտահայտում են իրենք կամքը։ Նաեւ բազմաթիվ դասախոսներ կան, որոնք միացել են շարժմանը։
«Որոշ ֆակուլտետներում ուսանողներին ասել են՝ եթե դասերին ներկա չլինեք, բացակա կդնենք, ապա կհեռացվեք։ Եթե նման դեպքեր են լինում, մենք զբաղվում ենք դրանով։ Յուրաքանչյուր ուսանող ազատ է, կարող է վարվել այնպես, ինչպես ուզում է, նրան չպետք է ճնշեն։ Եթե լինեն կոնկրետ դեպքեր, դրանք արժանի գնահատական ու արձագանք կստանան»,- վստահեցնում է Խաչիկ Աբաջյանը։
Ուսանողներն ինքնաբուխ ակցիաներ են կազմակերպում։ Համալսարանում դասապրոցես գրեթե չկա, քանի որ մեծ մասը դասադուլ է հայտարարել։
«Ուսանողները բարձրացնում են իրենց բողոքի ձայնը։ Այն անկասելի ընթացքը, որով այս իշխանությունները մեզ տանում են դեպի անդունդ, մեզ համար անընդունելի է։ Այս շարժումից ակնկալիքը պարզ է․ ուզում ենք ունենալ հայրենիք, որտեղ կկարողանանք արժանապատիվ ապրել»,- ասում է Խաչիկ Աբաջյանը։
Մայր բուհում կրթական դասադուլ է անցկացվում։ Քանի որ շարժումը հիմնված է գաղափարների եւ արժեհամակարգի վրա, դասադուլի ընթացքում ուսանողները շարունակում են կրթվել։ Բուհի գրադարանի առջեւ շարժմանը միացած պրոֆեսորադասախոսական կազմը հանդես է գալիս բանախոսություններով, քննարկումներ են ծավալվում։
«Նույնիսկ դասադուլ անցկացնելիս կարելի է գիտելիքներ ստանալ։ Ուսանողներն այժմ այս ձեւաչափով անվանի մասնագետների հետ շփվելու, քննարկումների մասնակցելու հնարավորություն ունեն։ Հընթացս մենք շարունակում ենք մեր պայքարը, մասնակցում ենք ակցիաներին։ Վստահ եմ՝ հաջողելու ենք»,- եզրափակում է Խաչիկ Աբաջյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։