Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդիպել են Ստրազբուրգում։
Միրզոյանն ընդգծել է, որ տարբեր ոլորտներ կարգավորող ԵԽ կոնվենցիաներին ՀՀ հետեւողական միանալը ԵԽ շրջանակներում ՀՀ ներգրավածության, փոխշահավետ համագործակցության նկատմամբ Երեւանի ամուր հանձնառության վկայությունն է։
«Հայաստանի կառավարությունը շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը երկրում օրենքի գերակայության ամրապնդման, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, ինստիտուցիոնալ կարողությունների ավելացման ուղղությամբ, եւ այդ նպատակով Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային՝ հնարավորություններ ընձեռող հարթակ է»,- ընդգծել է ԱԳ նախարարը։
ԵԽ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Հայաստանին Օվիեդոյի կոնվենցիային միանալու կապակցությամբ՝ ողջունելով ԵԽ շրջանակներում ՀՀ փոխգործակցության ավելացմանն ուղղված կարեւոր քայլերը:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության օրակարգային այլ հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների:
Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ Ալմաթիում կայացած քննարկումները։
Ի թիվս մի շարք գործընկերների կողմից արված արձագանքների վկայակոչելով ԵԽ ԳՔ անդրադարձը երկու երկրների միջեւ սահմանազատման գործընթացին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության աներկբա ճանաչման, սահմանազատման գործընթացում առավելագույն հստակության ապահովման կարեւորությունը:
ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ քննարկումներում՝ որպես հիմք ունենալով ինքնիշխանության ու ազգային իրավազորության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա կառուցված տեսլականը: