Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ օգնություն է առաջարկել 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության ներքո անցած Արցախի տարածքների կառուցապատման հարցում։ Այս մասին հայտնում է БелТА գործակալությունը։
«Այժմ այստեղ բավականաչափ օգնականներ ունեք, բայց եթե կարողանանք մասնակցել դրան, ապա ընկերական հիմունքներով կանանք դա։ Սարքավորումներ, գյուղատնտեսական քաղաքներ, աշխատատեղեր, որոշակի տեխնոլոգիաներ»,-ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ այդ հարցում Ալիեւից համաձայնություն է ստացել։
«Անհատական բանակցությունների ժամանակ ես Իլհամ Հեյդարովիչին խնդրեցի. եթե դա հնարավոր է, խնդրում եմ, տվեք մեզ։ Իսկ Իլհամ Հեյդարովիչը պաշտպանել է այս մոտեցումը»,-ասել է Բելառուսի նախագահը։
Ադրբեջանական APA գործակալությունն էլ մեջբերում է Ալիեւի խոսքերը․ «Մենք ուրախ կլինենք, եթե բելառուսական ընկերություններն ու ձեռնարկությունները մասնակցեին ազատագրված տարածքների վերականգնմանը։ Այս թեմայի շուրջ քննարկումներ են անցկացրել նաեւ պատվիրակությունների անդամները»։
Նշենք, որ Լուկաշենկոն Ադրբեջան ուղեւորվել էր այսօր՝ մայիսի 16-ին։ Բանակցություններից հետո կողմերը ստորագրել են միջպետական հարաբերություններին, տնտեսությանն ու բնապահպանությանը վերաբերվող 8 համաձայնագրեր։