Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովում խորհրդակցություն է անցկացրել Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբում եւ ռուսական նոր հարձակումից հետո շրջանում տիրող իրադրությունը անվանել «բարդ, բայց ընդհանուր առմամբ վերահսկվող»։
Հանդիպման մասին իր տելեգրամյան էջում գրել է Զելենսկին։
«Այսօր Խարկովի մարզում իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է, մեր զինվորները զգալի կորուստներ են պատճառում օկուպանտին։ Բայց ուղղությունը մնում է չափազանց բարդ՝ մենք ուժեղացնում ենք մեր ստորաբաժանումները»,-գրել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքերով շտաբում է լսել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի, ինչպես նաեւ «Խորտիցա» եւ «Խարկով» ստորաբաժանումների հրամանատարներ Յուրի Սոդոլոի եւ Միխայլո Դրապատիի զեկույցները։
«Մենք մանրամասնորեն վերլուծել ենք նաեւ մարտական իրավիճակի հեռանկարները, առաջիկա օրերին եւ շաբաթներին սպառնացող վտանգները, ինչպես նաեւ ռուսական հարձակողական պլաններին հակազդելու համար մեր՝ ուկրաինական, կարողությունները»,-գրել է Զելենսկին։
Մայիսի 10-ին ռուսական զորքերը նոր հարձակում են սկսել Խարկովի մարզում։ Շուտով ՌԴ ՊՆ-ն հայտարարեց մի շարք բնակավայրերի գրավման մասին, իսկ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին խոստովանեց, որ իրավիճակն այս հատվածում զգալիորեն վատթարացել է։ Մայիսի 14-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ուկրաինական զորքերը «շարժվել են ավելի շահեկան դիրքեր» Վոլչանսկի եւ Լիպտսի շրջանում։ Միաժամանակ իշխանությունները Խարկովի մարզի սահմանամերձ գյուղերից տարհանում են տեղի բնակիչներին։