Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առեւտրի գծով հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսին: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ։
Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան եւ գոհունակություն հայտնել Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակից: Փաշինյանն ընդգծել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման կարեւորությունն ու ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կյանքի կոչումը:
Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային հասանելիության պետական աջակցության ծրագիրը եւ դրա իրականացման գործում ընդգծել ԵՄ օժանդակության անհրաժեշտությունը:
ԵՄ առեւտրի գծով հանձնակատարը նշել է, որ Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ն շարունակելու է նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը, այդ թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների, շուկաների դիվերսիֆիկացման, ստանդարտների ներդրման, բիզնես միջավայրի բարելավման եւ այլ ուղղություններով:
Դոմբրովսկիսը հավելել է, որ այժմ հայաստանյան գործընկերների հետ մշակվում են տնտեսական եւ ներդրումային ծրագրերի առաջնահերթությունները:
Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին, որոնք համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպմանը:
Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման շուրջ: Այդ համատեքստում կարեւորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը: