Կառավարությունը որոշել է 2024 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել անձնական օգնականի ծառայություն:
Որոշման հեղինակները նպատակ են ունեցել այս քայլով նախ աջակցել հաշմանդամություն ունեցող անձին, որ նա անկախություն ունենա տան անդամից, ներառվի հասարակության մեջ: Բացի այդ, կշահի ընտանիքի անդամը, որն ինքնաբերաբար զրկվում է իր կյանքով ապրելու հնարավորւթյունից՝ ամբողջ ժամանակը տրամադրելով հատուկ կարիք ունեցող հարազատին:
Ծառայությունից կարող են օգտվել 15 տարին լրացած ֆունկցիոնալության խորը, ծանր աստիճանի տեսողական, լսողական եւ մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձինք։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հացերի նախարարության ՄՍԾ Գյումրու տարածքային կենտնի ավագ մասնագետ Արմինե Եղիազարյանը մանրամասնում է. «Անձնական օգնականը 5-օրյա վերապատրաստում է անցնում, ստանում վկայական, որից հետո միայն կարող է ստանձնել հաշմանդամություն ունեցողին օգնելու պարտականությունը: Կառավարությունը վերանայել է որոշումը եւ լրացումներ կատարել, ըստ որի՝ ընտանիքի անդամը նույնպես կարող է անձնական օգնական լինել»:
«Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների զարգացման կենտրոնի ղեկավար Թամարա Վանոյանը բազմաթիվ բացեր է տեսնում նոր ներդրված որոշման մեջ: Փաստերով է խոսում՝ Հայկական Կարիտասն ընդունված օրենքը փորձարկել եւ խոչընդոտների է հանդիպել: Ըստ նրա՝ երբ ծնողն է դառնում իր հաշմանդամություն ունեցող երեխայի անձնական օգնականը, նա, վստահաբար, չի կարող ապահովել երեխայի ինքնուրույն, անկախ կյանքը. շարունակելու է խնամել այնպես, ինչպես միշտ է արել: Արդյունքում գրեթե ոչինչ չի փոխվի ո՛չ հատուկ կարիք ունեցողի, ո՛չ էլ նրա ծնողի կյանքում. միայն չնչին գումար կվաստակեն: Բացի այդ, ինչո՞ւ պետք է անձնական օգնականի ծառայությունից օգտվելու իրավունք ունենան միայն 15 տարին լրացած քաղաքացիները, ի՞նչ անի, օրինա՛կ, 14 տարեկանի ընտանիքի անդամը:
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը նույնպես բազմաթիվ բացթողումներ է նշմարել նոր որոշման մեջ: Ամենակարեւորը՝ անձնական օգնականի վարձատրությունն է քիչ, ինչը չի մոտիվացնում, որ ընտանիքից դուրս՝ այլ անձը գա, անձնական օգնական դառնա, ինչն էլ պատճառ է դառնում, որ տան այն անդամը, ով խնամել էր մինչ օրենքի ընդունումը, նա՛ էլ դառնա անձնական օգնական: «Օրական վարձատրությունը, հարկերը ներառյալ, սկսվում է մոտ 3000 դրամից, այդ պատճառով էլ հաշմանդամություն ունեցող անձը, մեղմ ասած, լայն ընտրության հնարավորություն չունի, թե ում ընտրի որպես օգնական»:
Գրիգորյանը եւս մեկ խնդիր է վեր հանում. ի ծնե հաշմանդամություն ուեցողն անձնական օգնականի ծառայությունից օգտվելու համար պետք է պարտադիր նորից ֆունկցիոնալության գնահատում անցնի: Դա հավելյան խոչընդոտ է, որի պատճառով մարդը կարող է հրաժարվել աջակցությունից:
Գայանե Գրիգորյանը վստահեցնում է, որ մեր երկրում գործող՝ հաշմանդամություն ունեցողների հարցերով զբաղվող ՀԿ-ները երբեք միայն քննադատելով չեն զբաղվում: Նրանց նպատակը նոր ծրագրեր ներդնելու գործում Կառավարությանն աջակցելն է, որ նոր որոշումները խութեր չունենան: Առաջարկության օրինակ է բերում. «Անձնական օգնական դառնալու համար պետության կողմից կազմակերպվող վերապատրաստումներ իրականացնելու բեռը կարող ենք կիսել.մենք քաջատեղյակ ենք ոլորտից եւ կարող ենք ինքներս կազմակերպել մասնագիտական վերապատրաստումներ»:
Որքանո՞վ կգործի նոր օրենքը, կփոխվի՞ հաշմանդամություն ունեցողի եւ նրա ընտանիքի անդամի կյանքը, դեռ հայտնի չէ, բայց որ ոլորտում դեռ անելիքները բազմաթիվ են, ընդունում են թե՛ Կառավարության, թե՛ ՀԿ ներկայացուցիչները: Իսկ բացթողումների դառը պտուղները քաղում են հաշմանդամություն ունեցողները եւ նրանց ընտանիքի անդամները:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։