Այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե չկա երաշխիք, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացից հետո Ադրբեջանը դուրս կգա Հայատանի 31 գյուղերի բռնազավթած տարածքներից՝ պարզ դարձավ, որ Հայաստանը ընդունել է միակողմանի զիջումների սկզբունքը:
Փաշինյանի պնդմամբ այդպես մենք կունենանք լեգիտիմ սահմաններ ՝ չնայած Ադրբեջանի մոտեցումներին ու նպատակներին: Մերօրյա ժամանակներում էլ Հայաստանի պես երկրի համար լեգիտիմությունը որեւէ առավելություն չի բերում:
Ադրբեջանի նպատակը միայն այդ հողակտորները չեն, նրանք զբաղեցնելու են ավելի հարմարավետ դիրքեր, որպեսզի իրենց համար նպաստավոր պայմաններում ուժով լուծեն արդեն միջանցքի հարցը: Հայաստանի անվտանգությունը բոլոր առումներով կլինի փխրուն եւ կախված արտաքին դերակատարներից:
Իշխանության այն պնդումը, թե հակառակ մոտեցումը կբերի պատերազմի, խիստ մանիպուլյատիվ է այս հանգամանքներից ելնելով.
ա) Ադրբեջանը այնպես չէ, որ ամեն պահի կարող է պատերազմ սկսել տարածաշրջանում, դա կախված է աշխարհաքաղաքական բազում սուբյեկտների, գործոնների վարքագծից ու իրավիճակից:
Եթե Ադրբեջանը պատերազմի խնդիր չունենար, նա վաղուց կտապալեր բանակցությունները ինչ-որ մանր պատճառաբանությամբ, այլ ոչ թե կնստեր բանակցությունների:
բ) Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունը դեմ չի արտահայտվել սահմանազատմանն ու սահմանագծմանը, խնդիրը գործընթացի տեխնիկական, իրավական ընթացակարգն է: Դրանց շուրջ կան տարբեր մոտեցումներ:
գ) Իշխանության մոտեցումը նման է «ամեն ինչ տալուն, մենակ պատերազմ չլինի» սկզբունքին, այսինքն իշխանությունը նախընտրել է դանդաղ եւ թուլացած վախճանը՝ առաջ բերելով թշնամիների ու բարեկամների մասին նոր մոտեցումներ:
Նույն այս սկզբունքով նա փորձելու է «լուծել» անկլավների ու տեղահանված ադրբեջանցիների հարցը:
դ) Հենց իշխանությունն է իր բազում հայտարարություններով լարել եւ լարում Հայաստանի շուրջ իրավիճակը եւ պետական համակարգում ու բանակում չի կատարում համապատասխան քայլեր, որպեսզի պատերազմը դարձնի ավելի խնդրահարույց:
Խնդիրներից են սահմազատման ու սահմանագծման հատվածական սկզբունքը եւ զորքերի վաղ հետքաշումը: Ընդդիմությունը խոսում է ամբողջական փաթեթով սահմանազատման ու սահմանագծման մասին, այլ հարց է, թե դա այլեւս որքանով է կիրառելի:
Իշխանությունների «ֆենոմենալ» բացթողումն այն է, որ հետագայում խաղաղության պայմանագրի համար հիմք կարող է լինել ոչ թե Ալմա-Աթայի հռչակագիրը, այլ ուրիշ փաստաթուղթ. դա մեծ հնարավորությունների դաշտ է բացում Ադրբեջանի համար:
Իշխանության արբանյակները իրավիճակը նույնացնում են մինչ 44-օրյա պատերազմյան շրջանին, երբ իշխանությունները պետք է փոխզիջումների գնային Ադրբեջանի հետ: Էլ ավելի հեռու գնացողները հիշում են Լեւոն Տեր-Պետրոսյանի 90-ականների մոտեցումները, «փաթեթային-փուլային» բանավեճը:
Սակայն այդ դեպքում Հայաստանը ուներ ստանալու բան, դրանք փոխզիջումներ էին: Եթե հասնենք 90-ականներ, ապա այդ ժամանակ էլ ուժային անհավասարակշռություն որպես այդպիսին չկար, Հայաստանը հաղթողի դիրքում էր:
Ուստի Բագրատ Սրբազանի ծավալվող շարժումը օրինաչափ է, թեեւ մենք բոլորս կարող ենք ունենալ դրա վերաբերյալ մեր վերապահումները:
Բնական է, որ Տավուշում տարիներ շարունակ ապրած մարդը պետք է զբացմունքային վերաբերվի խնդրին, այդտեղ որեւէ զարմանալու բան չկա, մանավանդ երբ խնդիրը վերաբերվում է ճանապարհներին ու բնակության հարցին:
Հոգեբանորեն դժվար է պատկերացնել, որ իրենց երեխաները դպրոց այցելելիս պետք է մի քանի մետր հեռավորությամբ տեսնեն ադրբեջանցի սահմանապահների: Իսկ Նիկոլ Փաշինյանը դա փոհատուցելու համար փորձում է վաճառականի պարզամիտ հոգեբանություն սերմանել:
Շարժումը 6 տարվա կուտակված ցավերի, անհաջողությունների, խոր հիասթափությունների ծնունդն է: Հայ հասարակության մի մեծ հատված՝ խոր հիասթափություն ունենալով ոչ լեգիտիմ քաղաքական դաշտի, միավորվել է Հայ առաքելական եկեղեցու շուրջը:
Շարժման ժամանակ մենք շատ հաճախ ականատես ենք լինում պոպուլիստական վտանգավոր խոսույթի, անկազմակերպվածության եւ այլ երեւույթների, կարելի է այսպես թվարկելով գնալ՝ հասնելով Բագրատ Սրբազանի եւ այլոց անձերին:
Սակայն կան մի շարք կարեւոր հանգամանքներ.
ա) այս շարժումն ունի ամենամեծ էներգիան, ներուժը եւ հեռանկարները 2018-ից հետո,
բ) եթե նույնիսկ իմպիչմենթի գործընթացը չհաջողի, խորհրդարանական ընդդիմությունն էլ մանդատները վայր չդնի, սա կլինի եւս մեկ խոշոր հարված Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությանը, ինչպես եղավ Երեւանի ավագանու ընտրություններին,
գ) Բագրատ Սրբազանին հաջողվել է ապահովել մեծ համախմբում մարած քաղաքական դաշտի համար, ինչն այդպես էլ չկարողացան անել քաղաքական գործիչները: Շարժման մասնակից շերտերն էլ բազմազան են: Ուստի ինչ ելք էլ ունենա շարժումը, սա լինելու է քաղաքական դաշտի վերակառուցման հիմք:
Եթե նոր ժամանակավոր կամ երկարաժամկետ իշխանությունները նույնիսկ չկարողանան հետ կանգնել Փաշինյանի ստանձնած որոշ պարտավորություններից (մեկ է, լինելու են որոշումներ, որոնք հաճելի չեն լինելու հասարակությանը), ակնհայտ է, որ իշխանությունում պետք են նոր կոմպետենտ մարդիկ:
Նիկոլ Փաշինյանը ամեն տեղ է տապալվել, ուր մնաց պատերազմ պարտված, թուլացած, բարոյալքված Հայաստանը տանի խաղաղության:
Անհրաժեշտ է փոխել երկրի մթնոլորտը, համակարգը հունի մեջ դնել, որ տեղի ունենան որոշ ռեֆորմներ եւ վերջիվերջո հավասարակշռված, ոչ արկածախնդիր արտաքին քաղաքականություն է պետք՝ արտաքին գործընկերների համար հուսալի ղեկավարով:
Մենք ոչմիթիզականությամբ հասանք Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայի եւ Հայաստանի Հանրապետության թուլացման, հիմա էլ մյուս ծայրահեղությունն է՝ մոլեռանդ պացիֆիզմը Հայաստանը ուզում է տանել վերջնական եւ շատ ծանր նվաստեցման:
Արմեն Մկրտչյան