Փարիզը պետք է ներողություն խնդրի Բաքվից՝ Ադրբեջանը բռնատիրություն անվանելու համար, հակառակ դեպքում այն էլ ավելի բացասական հետեւանքներ կունենա միջպետական հարաբերությունների համար։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ, որը հրապարակվել է որպես պատասխան Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դամանինի նախօրեին արած հայտարարությանը։
Հաջիզադեի հայտարարության մեջ նշվում է, որ ի տարբերություն Ֆրանսիայի, Ադրբեջանում հարգվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները եւ դրանք լիովին ապահովված են։
«Անկախության վերականգնումից ի վեր Ադրբեջանը կազմավորվել եւ զարգացել է որպես ժողովրդավարական արժեքներին հավատարիմ հասարակություն։ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ տարբեր էթնիկ եւ կրոնական պատկանելության մարդիկ ապրում են բարեկամության եւ անվտանգության մթնոլորտում»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը եւ հավելել․ «Ֆրանսիական կողմը պետք է ներողություն խնդրի այս հայտարարության համար։ Հակառակ դեպքում դա կբերի էլ ավելի բացասական հետեւանքների ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններում»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը նախօրեին նաեւ հայտարարել էր, որ երկրի խաղաղօվկիանոսյան Նոր Կալեդոնիա կղզեխմբում այժմ ընթացող զինված ընդվզման ու ժանդարմեդիայի դեմ հարձակումների հետեւում կանգնած է հենց Ադրբեջանը։