Նախօրեին հայտնի դարձավ, որ Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը բավարարելով Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության հայցը եւս հիգ ամսով երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը:
Վարդանյանի ընտանիքը այսօր դատարանի որոշման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որն ուղղված է կառավարություններին, բիզնեսի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Դրանում մասնավորապես ասվում է․
«Արբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախնական կալանքի ժամկետը։ Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։
Ութ ամիս շարունակ Ադրբեջանի իշխանություններն արհամարհել են միջազգային իրավունքը եւ մարդկային արժանապատվությունը՝ Ռուբեն Վարդանյանին պահելով անազատության մեջ՝ առանց դատավարության եւ պատշաճ գործընթացի։
Նրանք շարունակում են հրաժարվել հայտնել, թե երբ տեղի կունենա պատշաճ դատավարություն կամ լսումներ` իրենց, այսպես կոչված, «մեղադրանքների» հիման վրա: Վարդանյանի կալանքը եւս հինգ ամսով երկարաձգելու այս որոշումը՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի, մարդու հիմնարար իրավունքների եւս մեկ կոպտագույն խախտում է:
Մինչ Եվրախորհրդարանի բանաձեւի, ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցների մասին օրինագծի եւ Ֆրանսիայի Սենատի բանաձեւի միջոցով շարունակվում է ուժգնանալ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումները, մենք՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կառավարությունների, բիզնեսի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, պահանջել Ռուբեն Վարդանյանի եւ մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը, եթե Ադրբեջանը ցանկանում է պահպանել COP 29-ը հյուրընկալելու արտոնությունը, որն Ադրբեջանը հռչակել է որպես «Խաղաղության համաժողով»։
Հիշեցնենք, որ Բաքուն Ռուբեն Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման», «պետական սահմանն անօրինական հատելու» եւ «անօրինական զինված կազմավորումների ստեղծմանը մասնակցելու» հոդվածներով։