Ռուսաստանը ներկայումս Խարկովը գրավելու պլաններ չունի։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը Չինաստան կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ըստ ՌԴ նախագահի՝ Խարկովի մարզում ռուսական զորքերի հարձակողական գործողության պատճառները ուկրաինական կողմի գործողություններն են եւ Բելգորոդի գնդակոծումները։
«Ինչ վերաբերվում է այն ամենին ինչ կատարվում է Խարկովի ուղղությունում։ Դա նույնպես նրանց [Ուկրաինյի] մեղավորությունն է, քանի որ նրանք գնդակոծել եւ, ցավոք, շարունակում են գնդակոծել սահմանամերձ տարածքների բնակելի թաղամասերը, այդ թվում՝ Բելգորոդը։ Չէ որ այնտեղ խաղաղ բնակիչներ են զոհվում։ Ամեն բան ակնհայտ է։ Կրակում են հենց քաղաքի կենտրոնում՝ բնակելի թաղամասերոին»,-ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ ավելի վաղ հայտարարել էր նման իրադրության շարունակման դեպքում Մոսկվան ձեռնամուխ կլինի Բելգորոդի մարզի սահմանային շրջանի երկայնքով անվտանգության գոտի ստեղծելուն։
«Եվ ես հրապարակավ ասացի, որ եթե այսպես շարունակվի, մենք ստիպված կլինենք ստեղծել անվտանգության գոտի, սանիտարական գոտի։ Ահա դա էլ անում ենք»,-ասել է Պուտինը։
Ռուսական զորքերը Խարկովի ուղղությամբ, հավելել է նախագահը, «յուրաքանչյուր օր խստորեն շարժվում են ըստ ծրագրի»։
Ռուսական բանակի հարձակումը Խարկովի մարզի հյուսիսում սկսվել է մայիսի 10-ին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը խոստովանել է, որ ռուսական զորքերը «մարտավարական հաջողություններ» են գրանցել Վոլչանսկ քաղաքի համար մղվող մարտերում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 17-ին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերին այնուամենայնիվ հաջողվել է «կայունացնել» իրավիճակը՝ չնայած, որ ռուսական բանակը արդեն 10 կիլոմետր մխրճվել է Խարկովի մարզի տարածքում։