Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն եւ հարատեւ խաղաղության հասնելու հարցում՝ հիմնվելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանի իր ելույթում՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացին։
«Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ վերջին՝ մայիսի 10-11-ին Ալմաթիում տեղի ունեցած հանդիպումից հետո, Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն եւ հարատեւ խաղաղության հասնելու հարցում՝ հիմնվելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես արձանագրած է Ալմա—Աթայի հռչակագրով, պետական սահմանի սահմանազատման գործընթացում՝ Ալմա—Աթայի հռչակագրի հիման վրա, ինչպես նաեւ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացում՝ երկու երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, հիմնվելով հավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա»,-ասել է Միրզոյանը։
Նախարարը նաեւ նշել է, որ Եվրոպայի խորհուրդը կոնվենցիաների իր համակարգով կարեւոր դեր ունի խաղալու Եվրոպայի ժողովրդավարական անվտանգությունն ապահովելու եւ իր աշխարհագրական գոտում ապրող բոլոր մարդկանց իրավունքները պաշտպանելու գործում։