1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երեւանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց։ Նշանավորելով օրվա խորհուրդը եւ բարձրագույն կրթության դերը երկրի զարգացման գործում՝ 2015 թվականից ի վեր մայիսի 16-ը Հայաստանում նշվում է որպես Ուսանողների եւ երիտասարդների օր:
Մայր բուհի հիմնադրման օրն անցկացվեց «ԲանՈՒԳործ» էքսպոն, որը 2023-ից սկսած արդեն ավանդական է։ Կարիերայի տոնավաճառում ներկայացված 50 գործատու-ընկերություններն ուսանողներին ներկայացրին իրենց գործունեությունն ու թափուր հաստիքները։ Իսկ կրթական տոնավաճառում տարբեր ընկերություններ ներկայացրին ուսումնառության նոր ծրագրերն ու հեռանկարները:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթում նշեց՝ պատմության նշանավոր այս օրը հրաշալի առիթ է եւս մեկ անգամ անդրադառնալու համալսարանի հարուստ ժառանգությանը, մեր երկրի ու հասարակության զարգացման գործում ունեցած ներդրմանը։
«ԵՊՀ-ի դերը մեր երկրի զարգացման գործում անգնահատելի է։ Այսօր անցկացվող Էքսպոն մեծ հնարավորություն է, քանի որ մեկ հարթակում հանդիպում են գործատուն եւ կրթությունը: Մենք շարունակաբար բարեփոխում ենք կրթական ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:
ԵՊՀ ռեկտորի օգնական-մամուլի խոսնակ Քնար Միսակյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում տեղեկացրեց՝ Մայր բուհը համագործակցում է տարբեր ընկերությունների հետ, որտեղ տարիների ընթացքում աշխատանքի են ընդունվել բազմաթիվ համալսարանականներ։ Այս տարի էքսպոյին միացել էին նաեւ նոր ընկերություններ, որոնք ցուցահանդեսին ներկայացրին առաջարկներ, փորձնակության, կամավորական աշխատանքի, կարիերայի զարգացման հնարավորություններ։
«Արզնի կաթ» ընկերության տնօրենի օգնական, որակի պատասխանատու Ավետ Ջանվելյանը նշեց՝ ունեն հաշվետարի, հաշվապահի, մարկետոլոգի, առաքիչ-վարորդի թափուր հաստիքներ։
«Ավելի քան 15 ուսանող ու շրջանավարտներ աշխատանքի անցնելու ակնկալիքով մեզ ուղարկել են իրենց ինքնակենսագրությունը։ ԵՊՀ-ի հետ համագործակցության առաջին քայլերն ենք անում։ Հուսանք՝ մեր փոխգործակցությունն արդյունավետ կլինի»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց Ավետ Ջանվելյանը։
«Արդշինբանկ»-ի անձնակազմի հավաքագրման պատասխանատու Մելինե Մակարյանն էլ տեղեկացրեց՝ թափուր հաստիքներ կան գլխամասային գրասենյակում եւ մասնաճյուղերում։
«Ֆինանսիստների, տնտեսագետների, վարկավորման մասնագետների կարիք ունենք։ Կազմակերպում ենք նաեւ երկամսյա դասընթացներ, որի ընթացքում ուսանողներին դասավանդում ենք, իսկ լավագույններն աշխատանքի են անցնում մեզ մոտ։ Երրորդ կուրսից սկսած՝ ուսանողները կարող են դիմել մեզ։ Մոտ տասը ազատ հաստիք ունենք: Հինգ տասնյակ ուսանող այսօր օնլայն հայտ է լրացրել՝ թափուր աշխատատեղերը համալրելու համար»,- մանրամասնեց Մելինե Մակարյանը։
Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի չորրորդ կուսի ուսանողուհի Մարինա Վարդանյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանք գտնելու ակնկալիքնով էր մի քանի ընկերության ուղարկել էր իր ինքնակենսագրությունը։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Կարինե Հովհաննիսյանն էլ այս տարի էքսպոյի կազմակերպման գործում է իր ներդրումն ունեցել՝ կամավորական աշխատանք է կատարել։
«Հույս ունեմ, որ հաջորդ տարի, երբ արդեն երկրորդ կուրսի ուսանողուհի կլինեմ, ինքս էլ աշխատանք կորոնեմ ու կգտնեմ։ Էքսպոն հիանալի հնարավորություն է տալիս ուսանողներին աշխատանք գտնելու եւ կարիերա սկսելու համար»,- նշեց Կարինեն։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Մերի Դրմեյանը համացանցում կարդալով էքսպոյի մասին, եկել էր աշխատանք որոնելու։
«Ես ապագա ֆինանսիստ եմ։ Քանի որ առաջին կուրսեցի եմ, դեռեւս ոչ մի հարմար հաստիք չեմ գտել։ Մի քանի տաղավարի արդեն մոտեցել եմ։ Մյուս բոլոր տաղավարներին էլ կմոտենամ։ Աշխատելու մեծ ցանկություն ունեմ, հուսով եմ՝ բանկային ոլորտում ինչ-որ աշխատանք կկարողանամ գտնել։ Անշուշտ, մինչեւ ինչ-որ հաստիք զբաղցնելը պատրաստ եմ նաեւ կրթական ծրագրերի մասնակցել, պրակտիկա անցնել»- պատմեց Մերի Դրմեյանը։
«Վիվա-ՄՏՍ» ընկերությունն ուսանողներին առաջարկեց պրակտիկայի հնարավորություն եւ ավելի քան տասը թափուր հաստիք։ Առնվազն չորրորդ կուրսում սովորող ուսանողները կարող են դիմել տնտեսագետի, վաճառքի, տեխնիկական սպասարկման մասնագետների հաստիքները համալրելու համար։
«Արմենիան կոտ ակադեմի» ընկերությունը շուրջ ինը տարի զբաղվում է տեխնոլոգիական կրթությամբ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արդիական մասնագիտությունների դասավանդմամբ զբաղվող այս կրթական ընկերությունը համալսարանականներին առաջարկում է համագործակցել՝ դառնալ դասավանդող, վերապատրաստվել, վերապրոֆիլավորվել․․․
«Բազմաթիվ համալսարանականներ աշխատում են մեր ընկերությունում։ Մեզ մոտ դասավանդվում ենք նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող այնպիսի մասնագիտություններ, որոնք այսօր բուհերում չեն դասավանդվում։ Բանիմաց ու ճկուն մասնագետների կարիք ունենք։ Լիահույս ենք, որ այս էքսպոյից հետո նոր գործընկերներ են ներգրավվելու մեր թիմում»,- ասաց «Արմենիան կոդ ակադեմի» ընկերության գործադիր տնօրեն Անահիտ Սարգսյանը։
Բացի կրթական եւ կարիերայի տոնավաճառից՝ միջոցառման ընթացքում կազմակերպվել էին քննարկումներ, մրցույթներ, խաղեր, վիկտորինաներ, կարպետագործության ու գորգագործության վարպետաց դասեր, իսկ երեկոյան՝ տոնական համերգ:
ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տաղավարում կիրառական արվեստի ֆակուլտետի ներկայացուցիչները ցուցադրեցին ուսանողների աշխատանքները՝ կարպետներ, գոբելեն, նկարչություն, բատիկ, քանդակներ:
Օրն ավարտվեց տոնական համերգով, որի ընթացքում հայտարարվեցին նաեւ «ԵՊՀ լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների անունները։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։