Իրանական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվել է նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Հաղորդվում է, որ Իրանի կառավարությունը արտահերթ նիստ կանցկացնի եւ հայտարարություն կտարածի նախագահի մահվան վերաբերյալ։
Ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է առնվազն ութ մարդ, հաղորդում է Tasnim գործակալությունը։
Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, զոհվել են նաեւ նախագահի հետ միասին ուղղաթիռում գտնված մյուս ուղեւորները, այդ թվում՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալիք Ռահմաթին եւ այաթոլլա Մուհամմեդ Ալի Ալե-Հաշեմը։
Ավելի վաղ Իրանական Կարմիր մահիկի ղեկավար Փիրհոսեյն Կոլիվանդը նույնպես պետական հեռուստատեսության եթերում հայտնել էր, որ դեպքի վայր ժամանած փրկարարենրը «կյանքի նշաններ չեն հայտնաբերել»։
Ուղղաթիռը կործանվել էր, երբ Ռաիսին եւ մյուս պաշտոնյաները վերադառնում էին Արեւելյան Ադրբեջան նահանգի եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածից։ Այդտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նա մասնակցել էր Արաքս գետի վրա ամբարտակի շահագործման հանձնման արարողությանը։