Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մայիսի 19-ին հայտարարություն են տարածել Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Հայտարարության տեքստում եվրոպացի առաջնորդները իրենց մտահոգություն են հայտնում Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի երրորդ ընթերցմամբ ընդունելու եւ դրա հետեւանքով երկրում ստեղծված իրադրության հետ կապված։
«Մեր երկու երկրներն էլ եղել են Վրաստանի եվրոպական ուղու հավատարիմ ջատագովները եւ ակտիվորեն աջակցել են Եվրոպական խորհրդի՝ 2023 թվականի դեկտեմբերին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու որոշմանը։ Խորը ափսոսանքով նշում ենք այս ճանապարհից շեղվելու Վրաստանի կառավարության եւ իշխող կուսակցության որոշումը՝ գործելով մեր համաեվրոպական արժեքների եւ վրաց ժողովրդի նկրտումների դեմ, օրինակ՝ այսպես կոչված. «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման միջոցով։ Վրաստանի եվրոպական ուղին նախագծված է, բայց առաջ շարժման արագությունն ու ուղղությունը կախված են Վրաստանից»,-ասվում է Մակրոնի եւ Շոլցի համատեղ հայտարարության տեքստում։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ից Վրաստանում մեկնարկել են «Ոչ ռուսական օրենքին» կարգախոսը կրող բողոքի ցույցերը՝ ուղղված «Վրացական երազանքի» նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունման դեմ։ Այդ օրը խորհրդարանի Իրավական հարցերի հանձնաժողովը սկսել էր օրինագծի քննարկումը։
Նոր օրենքը նախատեսում է գրանցել բոլոր այն հասարակական կազմակերպություններին եւ լրատվամիջոցներին, որոնք իրենց եկամտի ավելի քան 20%-ը ստանում են օտարերկրյա պետությունից։ Նրանք պետք է օգտագործեն հատուկ «պիտակներ»՝ մակագրություն այն մասին, որ իրենց գործունեությունը ֆինանսավորվում է օտարերկրյա կառույցների կողմից։
Օրիանգիծը Վրաստանի օրենսդիր մարմինը վերջին՝ երրորդ ընթերցմամբ ընդունել է մայիսի 14-ին։
Մայիսի 18-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դրեց «Երազանքի» օրինագծի վրա՝ ընդգծելով, որ այն «ռուսական» է եւ «որեւէ փոփոխության ենթակա չէ»։