Երաժշտության հմայքը Հայաստանի մարզեր հասցնելու, տեղի երեխաների ու երիտասարդների համար վարպետության դասեր անցկացնելու նպատակով կրկին Հայաստանում է ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունին։
Դաշնակահարը համերգային շրջագայության երկու օրը (մայիսի 16-17) Լոռու մարզի Ալավերդի քաղաքում է անցկացրել։ Վարպետության դասեր՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի սաների եւ համերգ՝ արվեստասեր հանրության համար։
Ծրագրում Կոմիտասի, Արամ Խաչատրյանի եւ Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործություններն էին։ Շահան Արծրունու հետ առանձին կատարումներով բեմ բարձրացան երաժշտական դպրոցի սաները։
Համերգի ընթացքում դաշնակահարը նաեւ հետաքրքիր դրվագներ պատմեց Կոմիտասի կյանքից եւ Արամ Խաչատրյանի հետ իր հանդիպումից։
Ի դեպ, նրա դաշնամուրային կատարումների առաջին ձայնագրությունը Խաչատրյանի՝ իր որդուն նվիրված ստեղծագործություններն են եղել, որոնք էլ Արծրունին տասնամյակներ առաջ Նյու Յորքի իր բնակարանում հանձնել է անվանի կոմպոզիտորի դատին։
Շահան Արծրունու՝ արդեն ավանդույթ դարձած համերգային շրջագայությունների գլխավոր կազմակերպիչը Հայ օգնության ֆոնդն է։ Հայաստան իր նախորդ այցելությունների ընթացքում դաշնակահարը վարպետության դասերով ու համերգներով նաեւ Ստեփանակերտ է այցելել։ Այս անգամ արդեն շրջագայության աշխարհագրությունը փոխվել է՝ Հայաստանի քաղաքներին ավելացել է Վրաստանի Ախալքալաքը։
Տարիներ շարունակ պատանի երաժիշտներին իր գիտելիքներն ու վարպետությունը փոխանցող արվեստագետը պատմում է՝ նախկինում վարպետաց դասերի հետ կապված մտավախություն է ունեցել՝ արդյո՞ք նոր սերունդը կընդունի իր դիտողությունները։
«Չգիտեի՝ իրենց եթե քննադատություն մը անեմ, ի՞նչ ձեւով պետք է ընդունին այդ քննադատությունը։ Պետք է ըսեմ, որ ամեն ինչ կատարյա՞լ է, նոր բան ավելցնելու պետքը չիկա՞, թե՞ կարելի է քննադատել՝ առանց իրենց զգացումները վիրավորելու։ Ուշադրությամբ մոտեցա ու հասկացա, որ կընդունին։ Քննադատություն պետք չէ ըլլա, թելադրությունը ավելի ճիշտ բառ է, քան քննադատությունը»։
Վարպետության դասերից հետո դաշնակահարն առավել շնորհալիներին իր համերգին նվագելու հնարավորություն է ընձեռում։ Իսկ 2019-ին մարզային շրջագայությունների ընթացքում երաժշտական դպրոցների՝ իրենց լավագույնս դրսեւորած աշակերտները Շահան Արծրունու հետ ելույթ են ունեցել Երեւանում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։
Պետք է ապակենտրոնացնել մշակույթը, կարծում է երաժիշտը, որպեսզի Հայաստան այցելող արվեստագետները չսահմանափակվեն միայն Երեւանով, այլ գնան մարզեր, շփվեն, տեսնեն՝ ինչպես են այնտեղ ապրում մարդիկ, ինչպիսի հանդիսատես կա։
«Առաջին անգամ Էդվարդ Միրզոյանն էր, որ շատ մոտ բարեկամս եղավ, որուն վրա խոշոր հավատք ունեի, զիս Գյումրի տարավ, եւ հոն համերգ մը սարքեցին։ Քսանմեկ տարի առաջ էլ կրկին ինքը կարգադրեց, որ իմ 60-ամյակս տոնվի Ստեփանակերտի մեջ։ Երեւանեն դուրս իմ այցելությունները այդ երկուքն էին։ Եվ երկուքն էլ եղած են շնորհիվ Էդվարդ Միրզոյանի»,- «Ալիք Մեդիա»-ին պատմեց Շահան Արծրունին։
Վարպետության դասերով ու բարեգործական համերգով Ալավերդի այցելելու համար Շահան Արծրունուն շնորհակալագիր հանձնվեց Ալավերդու համայնքապետի անունից։ Իսկ Հայաստանի մարզերին արդեն քաջ ծանոթ դաշնակահարը «Երաժշտության հմայքը» խորագրով համերգային շրջագայությունը կշարունակի մինչեւ մայիսի 30-ը։ Առջեւում Գյումրին է, Աշտարակը, Գորիսն ու Սիսիանը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։