Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ադրբեջան նահանգի տարածքում նախօրեին նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահյանի հետ միասին վթարի ենթարկված ուղղաթիռի մեջ էր եղել նաեւ երկրի ազդեցիկ հոգեւորական Մուհամմադ Ալի Ալե Հաշեմը։
Նա համարվում էր Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա աղոթքի գլխավոր իմամը (իմամ ջումահ) եւ Արեւելյան Ադրբեջան նահանգում երկրի հոգեւոր եւ Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի ներկայացուցիչը։
Մինչ վերոգրայլ պաշտոններին նշանակվելը Ալե Հաշեմը ութ տարի շարունակ զբաղեցրել է «Իրանի Իսլամական Հանրապետության բանակի քաղաքական գաղափարական վարչության» պետի պաշտոնը։
Շիա այս հոգեւորականը, ով մասնկացել է 1980-1988 թվականների Իրան-Իրաք պատերազմին եւ ունեցել չորրորդ աստիճանի «Հավզաի» (դոկտորի) կոչում, առանձնապես աչքի է ընկել 2020 թվականի Արցախյան երկրորդ՝ 44 օրյա պատերազմի ժամանակ։
Ռազմական գործողություններիի մեկնարկի երրորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին Թավրիզում տեղի ունեցած նիստի արդյուքում Ալի Ալե Հաշեմը, Արդաբիլ նահանգի գլխավոր հոգեւորական եւ ուրբաթօրյա աղոթքի իմամ Հասան Ամալին, Զենջան նահանգի գլխավոր հոգեւորական Ալի Խաթեմին եւ Արեւմտյան Ադրբեջան նահանգի գլխավոր հոգեւորկան Սաիդ Մահադի Քուրեշին ընդունած համատեղ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղը ճանաչել էին որպես «ադրբեջանական հող», ապա նաեւ օրինական համարել ռազմական ճանապարհով այն «Ադրբեջանի կազմ վերադարձնելը»։
Սեպտեմբերի վերջին տարածվել էր նաեւ Արցախյան պատերազմի վերաբերյալ Ալե Հաշեմի առանձին հայտարարությունը, որտեղ նա կրկին նույն ձեւով օրինական էր համարել ադրբեջանական բանակի հարձակողական գործողությունները։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահի եւ նրան ուղեկից մյուս գործիչների ուղղաթիռը վթարի է ենթարկվել մայիսի 19-ին։