Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին՝ ուղղաթիռի վթարի հետեւանքով նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանի, նրանց ուղեկցող պատվիրակության եւ ուղղաթիռի անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Այս մասին Գրիգորյանը հայտնել է ֆեյսբության էջում։
Ցավակցական հեռագրի տեքստում մասնավորապես ասվում է․ «Խորը ցավով ընդունեցի ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի, ինչպես նաեւ ուղեկցող պատվիրակության եւ անձնակազմի զոհվելու մասին լուրը:
Ընդունեք իմ խորը ցավակցությունը եւ զորակցությունը Ձեզ՝ մաղթելով համբերություն եւ ոգու տոկունություն: Այս ծանր պահին մենք համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը»։