Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանիին՝ ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Մեծագույն ցավով տեղեկացա մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի եւ նրանց ուղեկցող պաշտոնյաների զոհվելու մասին:
Որպես Իրանի Իսլամական Հանրապետության մերձավոր եւ բարեկամ երկիր՝ Հայաստանի Հանրապետությունում մեծ ցավով ենք ընդունել նախագահ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Աբդոլահյանի եւ այլ պաշտոնատար անձանց անժամանակյա ողբերգական մահվան լուրը: Մեր ցավակցությունն ենք հղում զոհվածների հարազատներին ու բարեկամներին եւ ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի բարեպաշտ ժողովրդին:
ՀՀ պաշտպանության նախարարության եւ անձամբ իմ անունից խնդրում եմ ընդունել մեր ցավակցությունն ու զորակցությունը»։