Քաթարի մայրաքաղաք Դոհայում մայիսի 20-22-ը կանցկացվի Համաշխարհային անվտանգության ֆորումը, որին մասնակցություն կունենա նաեւ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսված են նաեւ երկկողմ հանդիպումներ:
Հայտնի է, որ ֆորումի թեման կրելու է «Ռազմավարական մրցակցություն. փոխկախվածության բարդությունը» խորագիրը:
«Համաժողովը կանդրադառնա ներկայիս համաշխարհային անվտանգության մարտահրավերներին՝ ռազմավարական մրցակցության համատեքստում՝ միաժամանակ գնահատելով ինչպես դրա ռիսկերը, այնպես էլ հնարավորությունները, որոնք բխում են բարդ փոխկախվածությունից»,-ասվում է ֆորումի կայքէջում հրապարալված հայտարարության տեքստում:
Նշվում է, որ ընթացիկ տարվա ֆուորմի աշխատանքների ընթացքում անդրադարձ կկատարվեն նաեւ այնպիսի թեմաներին, ինչպիսիք են մատակարարման շղթաների կառավարումը, կլիմայի փոփոխությանը, էներգետիկ անվտանգությանը, հիմնական տեխնոլոգիաներին, ոչ պետական եւ պետական սուբյեկտների կողմից պատատանդներ վերցնելու պրակտիկային եւ այլն։
Համաշխարհային անվտանգության ֆորումը ամենամյա միջազգային հավաք է, որը կազմակերպվում է Նյու Յորքում գտնվող վերլուծական The Soufan Center-ի եւ Քաթարի անվտանգության ուսումնասիրությունների միջազգային ակադեմիայի (QIASS) կողմից:
Սկսած 2018 թվականից ֆորումը համախմբում է բարձրաստիճան պաշտոնյաների եւ փորձագետների միջազգային ցանցը, որի մեջ ներառվում են նախարարներ, անվտանգության գործակալությունների ղեկավարներ, նշանավոր փորձագետներ, գիտնականներ, լրագրողներ եւ այլ հրավիրյալներ: