Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգին եւ Աբովյան փողոցի աջ եւ ձախ հատվածները ՀՀ Կառավարության եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում են:
Ալիք Մեդիան անդրադարձել էր Գյումրիում հնչեղություն ստացած, հանրային դժգոհություն առաջացրած խնդրին. ըստ համայնքապետարանի՝ շինարարական աշխատանքների ընթացքին խոչընդոտում են տարածքի բոլոր ծառերը: Առաջարկում էին հատել դրանք, տեղը նորերը տնկել:
Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասում էր՝ ծառերի արմատները կոմունիկացիոն ենթակառուցվածքների վերանորոգմանն են խանգարում: Կատարված աշխատանքները շուրջ երկու տարուց ջուրն են լցվելու բարդիների արմատների պատճառով: Բացի այդ, որպես հիմնավորում նշվում է, թե ծառերը կորցրել են կենսունակությունը:
Քանի որ քաղաքում թե՛ մասնագետները, թե՛ բնակիչներից շատերն առարկեցին քաղաքի կենտրոնը մասսայաբար ծառազրկելու գաղափարին, հանրային լսում կազմակերպվեց: Լսման ընթացքում, սակայն, կրկին ճնշող մեծամասնությունը դեմ արտահայտվեց ծառերի հատման որոշմանը: Մասնագետները բազմաթիվ լուծման ուղիներ առաջարկեցին, որոնցից եւ ո՛չ մեկը համայնքապետարանը չդիտարկեց։
Մինչ քաղաքում սպասում էին, թե ինչ լուծում կտրվի հարցին, նախագիծը ներկայացվեց ավագանու որոշմանը եւ հաստատվեց. 51 բարդիները հատվում են:
Գյումրի համայնքի ավագանու բազմաթիվ անդամներ ասում են՝ դեմ չեն չորացած ծառերը կտրելու որոշմանը, բայց որտեղ է մասնագիտական եզրակացությունը, որ դրանք կենսունակություն չունեն:
Ծառերի անկենսունակ լինելու փաստը հաստատող մասնագիտական եզրակացություն ներկայացնելու պահանջն այդպես էլ օդում կախված մնաց:
Ավագանու անդամներից Կարեն Մալխասյանը ծառերը հատելու որոշման «մեղավոր»՝ շինարարի գրությունն է պահանջել: Ասում է՝ գրության մեջ 51 ծառ հատելու պահանջ չի տեսել: Այնտեղ նշված է եղել միայն, որ աջ հատվածում, որտեղից անցնում է շենքի կոմունիկացիան, առկա 22 բարդիները խոչընդոտում են: Մալխասյանը հարցնում է՝ ինչո՞ւ 22-ը 51 դարձավ:
Համայնքապետարանից պատասխանում են, թե՝ մնացածը կտրելու համար էլ հարակից շենքի բնակիչների բողոքին են ընդառաջ գնացել:
Թե ինչո՞ւ քաղաքի կենտրոնը մեկ օրում զրկվեց ծառերից, ինչո՞ւ մի քանի անկենսունակ ծառերի հետ կտրվեցին նաեւ դալարները, այդպես էլ մնաց առանց հիմնավոր բացատրության:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։