ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալելության համար օրդեր տրամադրելու Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանի պահանջը։
«Իսրայելի առաջնորդներին ձերբակալելու ՄՔԴ դատախազի պահանաջը վրդովեցուցիչ է։ Թույլ տվեք հստակ նշել․ Ինչ էլ որ ակնարկի Միջազգային քրեական դատարանի դատախազը, հնարավոր չէ հավասարեցնել Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ին։ Մենք միշտ լինելու ենք Իսրայելի կողքին եւ դիմակայելու ենք նրա անվտանգությանը սպառնացող վտանգներին»,-ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակել է Սպիտակ տունը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի անունից Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության տեքստում նույնպես ընդգծվում է, որ Վաշինգտոնը «կտրականապես մերժում է» ՄՔԴ դատախազի խնդրանքը, որտեղ հավասարության նշաններ են դրվում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ։
«Մենք մերժում ենք ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ դատախազի դրած հավասարությունը։ Դա ամոթալի է։ Համասը դաժան ահաբեկչական կազմակերպություն է, որն իրականացրել է Հոլոքոստից ի վեր հրեաների ամենասարսափելի կոտորածը եւ դեռ պատանդ է պահում տասնյակ անմեղ մարդկանց, այդ թվում՝ ամերիկացիների»,-ասվում է հայտարարության տեքստում։
Բլինկենի հայտարարության տեքստում նշվում է, որ Մերձավոր Արեւելքում ներկայիս հակամարտությունից դեռ շատ առաջ ԱՄՆ-ն հստակհասկացնել է տվել ՄՔԴ-ին, որ վերջինս «իրավասություն չունի տվյալ հարցում»։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը նաեւ կարծում է, որ դատախազի որոշումը կարող է վտանգել նաեւ հրադադարի համաձայնության հասնելու ջանքերը, որը թույլ կտա ազատ արձակել պատանդներին եւ ավելացնել հումանիտար օգնությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը պահանջել է կալանավորել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդներ Յահյա Սինվարին, Մուհամմադ Դեյֆին եւ Իսմայիլ Հանիեին: