ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Ռուսաստանի կողմից պատրաստված բանաձեւի նախագիծը, որը կոչ է անում բոլոր երկրներին դադարեցնել տիեզերքում ցանկացած զենքի տեղակայումն ու օգտագործումը։ Անվտանգության խորհրդի 15 անդամներից ռուսական նախագծին կողմ են քվեարկել յոթ երկրներ, որոնց թվում են Չինաստանը, Ալժիրը եւ Գայանան։ Եվս յոթ այլ երկրներ, ներառյալ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, դեմ են արտահայտվել: Քվերակությանը ձեռնպահ է մնացել Շվեյցարիան։
Բանաձեւը համարվում է ընդունված, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ինը անդամ կողմ քվեարկի, իսկ մշտական անդամներից որեւէ մեկը վետո չդնի դրա վրա:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Մոսկվայի առաջարկած բանաձեւի նախագծի մերժումն ապացուցում է տիեզերքը ռազմականացնելու ԱՄՆ մտադրությունը։
«Խորապես ցավալի է, որ այս արեւմտյան երկրները՝ Անվտանգության խորհրդի անդամները, այսօր թույլ չտվեցին Անվտանգության խորհրդին ընդունել հավասարակշռված եւ այժմ այդքան անհրաժեշտ որոշում՝ ի նպաստ տիեզրքի բացառապես խաղաղ օգտագործմանը: Այսպիսով, նրանք այսօր վերջնականապես դեն նետեցին իրենց դիմակները, մերկացան եւ հայտնվեցին մեր առջեւ այնպիսին, ինչպիսին իրենք են իրականում»,-հայտարարել է Նեբենզյան։
Մեծ Բրիտանիայի պատվիրակությունն էլ Ռուսաստանի առաջարկած բանաձեւն անվանել է «ուշադրությունը շեղելու ցինիկ փորձ», որը կատարվում է միջուկային սարքով նոր արբանյակ է ստեղծելու Մոսկվայի փորձերի մասին լուրերի համատեքստում։
https://x.com/UKUN_NewYork/status/1792676200504316301?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1792676200504316301%7Ctwgr%5E167e8298f3df194f0e9336f1917b9a93c898dcb4%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.svoboda.org%2Fa%2Fsb-oon-otklonil-rezolyutsiyu-rossii-o-nerazmeschenii-oruzhiya-v-kosmose%2F32957173.html
Ապրիլի վերջին Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել էր ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի պատրաստված բանաձեւի նախագիծը՝ տիեզերքում միջուկային զենքի տեղակայման արգելքի վերաբերյալ։
Այդ ժամանակ Նեբենզյան փաստաթղթին աջակցելուց հրաժարվելը բացատրել էր նրանով, որ, ըստ նրա, արգելքը պետք է վերաբերի ոչ միայն միջուկային զենքին, այլեւ զանգվածային ոչնչացման զենքի այլ տեսակներին։ ԱՄՆ-ն էլ հրաժարվել է բանաձեւի տեքստում ներառել Ռուսաստանի եւ Չինաստանի առաջարկած կետը տիեզերքում որեւէ այլ զենք տեղակայելուց հրաժարվելու մասին։
Իր հերթին, ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը քվեարկության մեկնարկից առաջ ասել է, որ եթե Ռուսաստանը դեմ քվեարկի, ապա նման պարագայում հարց կառաջանա, թե արդյո՞ք նրանք թաքցնելու բան ունեն։