Եվրամիության ղեկավարությունը պնդում է, որ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ պաշտոնական բանակցությունները սկսվեն արդեն հունիսի 25-ին։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Պարբերականին զրուցակիցներից մեկը նշել է, որ ուկրաինացի եւ եվրոպացի դիվանագետները ակտիվ աշխատանքներ են իրականացնում կուլիսներում՝ փորձելով համոզել Հունգարիային համաձայնություն տալ Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկին։
Ինչպես նշում է Politico-ն, բանակցությունների մեկնարկը կօժանդակի Ուկրաինային, որն ավելի քան երկու տարի պայքարում է ռուսական լայնածավալ ներխուժման դեմ եւ երկար ժամանակ ձգտում է անդամակցել Եվրամիությանը:
Դեկտեմբերին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարեց, որ ԵՄ գագաթնաժողովում որոշում է կայացվել բանակցություններ սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ դաշինքին միանալու վերաբերյալ։ Սակայն պաշտոնական իրավական ընթացակարգը կասեցվել է Հունգարիայի դիրքորոշման պատճառով։
Դժվարությունները կապված են Ուկրաինայի եւ Հունգարիայի հարաբերություններում առկա խնդրի հետ, պարզաբանում է Politico-ն։ Բուդապեշտը Կիեւին մեղադրել է Ուկրաինայի արեւմտյան հատվածնեւոմ բնակվող հունգարական ազգային փոքրամասնությանը ճնշելու մեջ։ Այս խնդիրը լուծելու համար, գրում է հրատարակությունը, «եւ Բրյուսելը, եւ Կիեւը Բուդապեշտի հետ ինտենսիվ երկկողմ դիվանագիտություն են վարում»։
Ապրիլին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի եւ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոնի հեռախոսազրույցներից հետո «կողմերը հայտարարել են երկխոսության դրական դինամիկայի մասին»։
ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումը ներկայացվել է 2022 թվականի փետրվարի 28-ին, եւ նրան թեկնածուի կարգավիճակ շնորհվել է չորս ամիս անց՝ հունիսի 23-ին։