Օրվա ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Նոր Կալեդոնիա (ֆրանսիական անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում), որտեղ մայիսի 13-ից անկարգություններ են սկսվել կղզեխմբի անկախության կողմնակիցների բողոքի ակցիանեի ֆոնին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պրիսկա Թեվենոն։
«Նախարարների խորհրդի նիստի ժամանակ նախագահը հայտարարեց, որ այցելելու է այնտեղ այսօր երեկոյան»,- ասել է նա խորհրդի նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ։
Թեվենոն չկարողացավ պարզաբանել, թե որքան ժամանակ է Մակրոնը նախատեսում մնալ Նոր Կալեդոնիայում եւ ինչ հանդիպումներ է նախատեսում այնտեղ։ Նա լրագորղներին կոչ արեց սպասել Ելիսեյան պալատից ստացվող տեղեկատվությանը։
Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մակրոնի այցն անհրաժեշտ է՝ շարունակելու իշխանությունների որդեգրած կուրսը քաղաքական երկխոսություն հաստատելու համար։ Այս կապակցությամբ նա երախտագիտություն է հայտնել Նոր Կալեդոնիայի բոլոր քաղաքական եւ հասարակական գործիչներին, ովքեր խաղաղության եւ երկխոսության կոչեր են տարածել ճգնաժամը լուծելու համար։
Նա նաեւ նշել է, որ նախագահի աշխատակազմը դեռ պետք է պարզաբանի, թե արդյո՞ք խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստը կհետաձգվի, թե ընդհանրապես կչեղարկվի, քանի որ հենց այս նիստի ժամանակ է, որ պետք է հաստատվի կղզեխմբում ընտրողների շրջանակը ընդլայնելու մասին օրինագիծը։
Հիշեցնենք, որ Նոր Կալեդոնիայում բողոքի ակցիաները, այնուհետեւ դրանց հաջորդած անկարգությունները սկսվել էին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից կղզեխմբում ընտրողների շրջանակը ընդլայնելու մասին օրինագծի ընդունումից հետո։ Նոր օրինագծի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվերակության իրավունք կստանան նաեւ Նոր Կալեդոնիայում 10 տարի առաջ բնակություն հաստատածները, որոնց մեծ մասը ֆրանսիացիներ են։