Երբ Ադրբեջանի բանակը 2021 թվականի մայիսին եւ նոյեմբերին, ապա նաեւ 2022-ի սեպտեմբերին Հայաստանի արեւելյան սահամանգծի երկայնքով հարձակվելով վերահսկողության տակ առավ որոշ կարեւոր հենակետեր, ակնհայտ դարձավ, որ Հայաստանի հարաբերությունները գնալով բարդանում են երբեմնի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ։ Տեղի ունեցածի շուրջ Մոսկվայից եւ ՀԱՊԿ-ից պայմանգրային պարտավորությունները շրջանցող արձագանքներն է՛լ ավելի լարեցին Երեւանի հետ հարաբերությունները։
Իրավիճակն էլ ավելի լարվեց, երբ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց արդեն Արցախի մնացած մասի նկատմամբ, որին հաջորդեց շրջանի լիակատար հայաթափումը։ 44-օրյա պատերազմը ավարտող նոյեմբերի 9-ի Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հայտարարության համաձայն այդտեղ տեղակայված ռուս խաղաղապահները այդպես էլ որեւէ բան չարեցին ռազմական հակամարտությունը կանխելու համար։
Կուտակված հակասություններն ու Արցախում տեղի ունեցածը Երեւանին ուղղակի հարկադրեցին վերանայել Մոսկվայի ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները։ Սակայն, եթե անվտանգության ապահովման ոլորտում կացությունը վատթար է, ապա տնտեսական բլոկում ամեն բան այլ ընթացք ունի։ Հայաստանը հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի գլխավորած տնտեսական ինտեգրացիոն կառույցի՝ ԵԱՏՄ-ի ներսում լավագույն տնտեսական ցուցանիշներն ապահոված երկրներից է։
Հենց այս պարադոքսալ իրավիճակն էլ Forbes-ի համար գրած հոդվածում փորձում է բացատրել Հետխորհրդային տարածաշրջանի հարցերով փորձագետ, «Լավա Մեդիա»-ի լրագրող Կիրիլ Կրիվոշեեւը՝ վերլուծելով վերջին շրջանի հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան, որը հայ հասարակությանը հետաքրքրող առացքային թեմաներից է։ Ալիք Մեդիան ներկայացնում է հոդվածի ամբողջական թարգմանությունը։
Ռազմատնտեսական այց
Վլադիմիր Պուտինի հինգերորդ երդմնակալությունը, ըստ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի, «ներպետական բնույթ» է կրել, եւ երկրների առաջնորդների փոխարեն դրան հրավիրվել են Մոսկվայում հավատարմագրված դեսպաններ։ Նիկոլ Փաշինյանի բացակայությունն այնտեղ, որտեղ նա չպետք է լիներ, աննկատ կմնար, բայց այլ կերպ ստացվեց։
Հենց երդմնակալության նախօրեին լրագրողները ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ արդյոք վարչապետ Փաշինյանը ներկա կլինի արարողությանը, եւ ստացան բացասական պատասխան։ Ի տարբերություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անցյալ տարվա երդմնակալության, որին Փաշինյանը ներկա էր, սա իրապես նշանակալից նորություն էր թվում։
Բոլորովին այլ հարց է մայիսի 9-ի շքերթը, որին Կրեմլը ցանկանում է տեսնել որքան հնարավոր է շատ օտարերկրյա առաջնորդների, որին այս տարի բարձրագույն մակարդակով ներկայացված էր ինը երկիր՝ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Գվինեա-Բիսաուն, Կուբան եւ Լաոսը։
Այն երկրները որոնք ԵԱՏՄ անդամ են՝ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը որպես անդամ, ինչպես նաեւ Ուզբեկստանն ու Կուբան՝ որպես դիտորդ, ներկա էին նաեւ շքերթի նախօրեին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Այնտեղ էր նաեւ Փաշինյանը՝ որպես նախագահող երկրի ղեկավար։ Սակայն Հայաստանի վարչապետը հրաժարվեց ներկա գտնվել շքերթին, այն էլ՝ բավականին ցուցադրաբար։ «Նախորդ տարի մասնակցել եմ մայիսի 9-ի միջոցառմանը: Չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ։ Ես նման պրակտիկա չեմ հիշում, որ Հայաստանի ղեկավարը ամեն տարի մասնակցի այս միջոցառմանը»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ պարզաբանեց նա, թեեւ կարող էր պարզապես հիմնավորել զբաղվածությամբ կամ հայրենիքում տիրող սուր իրավիճակով, ինչը` մաքուր ճշմարտություն կլիներ։
Դիվանագիտական ռեվերանսներ (խոնարհումներ) անելու Փաշինյանի ակնհայտ դժկամությունը զգացվեց անգամ Պուտինի հետ զրույցի բաց՝ արարողակարգային մասում։ Մինչ Ռուսաստանի ղեկավարը երկար ելույթ ունենալով՝ թվարկում էր հայ-ռուսական հարաբերություններում (հիմնականում տնտեսական) առկա հաջողությունները, Հայաստանի վարչապետը բավականին սառն էր։ «Վերջին անգամ մենք հանդիպել ենք նախորդ դեկտեմբերին։ Դրանից հետո, իհարկե, կուտակվել են հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն։ Իհարկե, մենք խորհրդի նիստում արդեն քննարկել ենք տնտեսական բլոկը։ Եվ հիմա հույս ունեմ ու վստահ եմ, որ մենք կքննարկենք երկկողմ հարաբերությունների կարեւոր հարցեր, տարածաշրջանային խնդիրներ»․-նշել էր նա։
Զրույցի արդյունքը տարածաշրջանում Մոսկվայի փոքր, բայց եւ ռազմական ներկայության կրճատումն էր, որը մեկ ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ է տեղի ունենում։ Եթե ապրիլի 17-ին Ռուսաստանը Ադրբեջանի պնդմամբ սկսեց խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից, ապա այժմ Փաշինյանը Պուտինի հետ պայմանավորվել է ռուս սահմանապահների դուրսբերման շուրջ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից եւ Ադրբեջանին սահմանակից շրջաններից։ Այս մասին սկզբում հայտարարել էր իշխանական պատգամավոր Հայկ Կոնջորյանը, ինչն այնուհետեւ հաստատել էր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ըստ էության սա տիրող իրավիճակը 1992 թվականի Մոսկվայի եւ Երեւանի միջեւ կնքված պայմանագրի տառին համապատասխանեցնելն է, որի մեջ որեւէ խոսք չկա «Զվարթնոց» օդանավակայանի մասին, որտեղ ռուս սահմանապահները ներկա են եղել դեռ 2020 թվականից շատ առաջ։
Այս հանգամանքն անհանգստացրել էր հայ արեւմտամետ ակտիվիստներին. պարզվել է, որ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները հասանելիություն են ունեցել Հայաստանի քաղաքացիների անձնական տվյալներին։ Սակայն մինչ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) դա որպես պայմանագրի խախտում չէր դիտարկում։ Այժմ նույն գործակալությունը, բայց այլ ղեկավարությամբ, խնդիր է դիտարկում օդանավակայանում ռուս սահմանապահների առկայությունը։
Արտոնություններ առանց պարտավորությունների
Լրացուցիչ հարված էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)՝ Ռուսաստանի մասնակցությամբ ռազմական դաշինքի ֆինանսավորումը դադարեցնելու Երեւանի որոշումը, որը հիասթափեցրել էր Հայաստանին 2021 թվականի մայիսին եւ 2022 թվականի սեպտեմբերին սահմանային լարվածության շուրջ արձագանքի բացակայությամբ։
Մոսկվայից պաշտոնական մեկնաբանություններ չհնչեցին, նորությանը արձագանքել էր միայն TACC-ի անանուն աղբյուրը. «Մենք տեղյակ ենք, բայց Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ երկիր»։
Այս «վատ լուրը» եւ Փաշինյանի ԵԱՏՄ գագաթնաժողով կատարած այցը դժվար թե պատահական հմընկնումներ լինեին ։ Հայաստանը հասկացնում է, որ Մոսկվայի գլխավորած տնտեսական կառույցներից դժգոհություններ չունի, սակայն մտադիր է վերանայել այն ամենը, ինչ կապված է անվտանգության եւ արտաքին քաղաքականության հետ։
«Ես վաղուց եմ ասել, որ Հայաստանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Եվ սա մեր անկեղծ դիրքորոշումն է։ Մեզ ցավ է պատճառում, որ չենք կարող ազդել այս իրավիճակի վրա։ Ուկրաինացի ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է»,- ասել է Փաշինյանը փետրվարին Մյունխենում հայկական սփյուռքի հետ հանդիպմանը։ Եվ եթե հիշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը էլ ավելի հստակ աջակցություն է հայտնել Ուկրաինային, ապա սա ինչ-որ «յուրահատուկ լկիտություն» չի դիտարկվում: Տրամաբանությունը պարզ է. «Եթե նրանց համար դա թույլատրելի է, ապա թույլատրելի է նաեւ մեզ համար»։
Ընդ որում, նույնիսկ ԵԱՏՄ-ի մասին խոսելիս Փաշինյանը շարունակ մատնանշում է այս միությունը քաղաքականացնելու անթույլատրելիությունը։ «Հասկանալի է, որ ԵԱՏՄ-ի նորմատիվային բազան շարունակում է ձեւավորվել, եւ այս գործընթացը հեռու է իր ավարտից։ Կարեւոր է, որ այն ձեւավորվի տնտեսական տրամաբանության շրջանակներում։ Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու եւ յուրաքանչյուր անդամ պետության շահերին համապատասխան կառուցողական լուծումների որոնման հիման վրա մենք կկարողանանք պահպանել ԵԱՏՄ գործունեության արդյունավետությունը»,-Մոսկվա ժամանելուց հետո կրկնել է նա։
Այստեղ ողջամիտ հարց է ծագում. արդյո՞ք Հայաստանին թույլ կտան տնտեսական օգուտներ ստանալ Ռուսաստանի հետ համագործակցությունից, երբ այն մերժում է քաղաքական եւ ռազմական ազդեցությունը՝ այն ամենը, ինչի համար Կրեմլը հորինել է «եվրասիականությունը»։ Պատասխանը` «առայժմ այո»:
Պատժամիջոցները շրջանցելու հարցում Հայաստանն, իհարկե, այնքան կարեւոր դեր չի խաղում, որքան Թուրքիան, Հնդկաստանը կամ Ղազախստանը։ Այնուամենայնիվ, այն իր ձեռքը վերցրեց արդյունաբերության մի շատ կարեւոր ուղղության՝ ոսկին եւ ադամանդագործությունը։ Ռուսական բիզնեսն այս պատուհանը նկատել էր դեռեւս 2022-ի կեսերին. թանկարժեք մետաղներն ու քարերը գնում են Հայաստան, որտեղ դեռեւս խորհրդային ժամանակներից պահպանվել են վերամշակող գործարաններ, իսկ հետո պատրաստի արտադրանքն ուղարկվում է ԱՄԷ եւ Հոնկոնգ։
Այս պարզ սխեման այնքան գրավիչ է ստացվել, որ զբաղեցրել է հայկական արտահանման ընդհանուր ծավալի 75%-ը։ Ռուսական ոսկին եւ ադամանդն ուղղակիորեն գնում են նույն երկրներ, սակայն Հայաստանի ընդգրկումը սխեմայում, ըստ երեւույթին, օգնում է այն ավելի հուսալի դարձնել:
Այսպիսով Հայաստանին «անհավատարմության» համար պատժելու ցանկացած փորձ այս կամ այն կերպ հարվածելու է Ռուսաստանին։ Եվ խոսքը միայն պատժամիջոցները շրջանցելու ուղիներից մեկը կորցնելու ռիսկի մասին չէ։ Ուղղակի տնտեսական ճնշումը, ինչպիսին օրինակ գազի սակագնի բարձրացումն է կամ դրամական փոխանցումների բարդացումը, հայ հանրության շրջանում պարզապես կկործանի Ռուսաստանի աջակցության առանց այն էլ փոքր բազան։ Ուստի միակ բանը, որ կարող է անել Մոսկվան, Փաշինյանի ընդդիմախոսներին տեղեկատվական հարթակ տրամադրելն է եւ հայ հասարակության մի մասի մեջ այն համոզմունքը պահպանելը, թե այլ իշխանության օրոք կարելի էր խուսափել ազգային ողբերգությունից։
Միառժամանակ օբյեկտիվ գործընթացը, որն այժմ ընթանում է հետխորհրդային տարածքում, դեպի ավելի պրագմատիկ եւ ինքնիշխան արտաքին քաղաքականության անցումն է։ Եվ հիմա դա տարածվում է ոչ միայն ուժեղագույն խաղացողների վրա, ինչպիսիք են Ադրբեջանը, Ուզբեկստանը կամ Ղազախստանը, այլ նաեւ նրանց, ովքեր նախկինում Ռուսաստանի աներկբա արբանյակներ էին թվում: Հայաստանն օգտվում է այս հնարավորությունների պատուհանից, քանի դեռ այն բաց է։
Պատրաստեց՝ Բորիս Ղազարյանը