Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանի ներկայացրած պահանջը՝ իրեն եւ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ կալանքի օրդեր տալու համար բնութագրել է որպես հրեական պետությանը «հրեշացնելու» փորձ։
«Նա ասում է, որ մենք սովամահ ենք անում մարդկանց: Մենք 500,000 տոննա սնունդ եւ դեղորայք ենք մատակարարել 20,000 բեռնատարներով: Այս մարդը ցանկանում է հրեշացնել Իսրայելը», — ասել է Նեթանյահուն ABC հեռուստատեսության եթերում:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Խանը Նախաքննական պալատին խնդրել էր Նեթանյահուի եւ Գալանտի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրել: Նրա խոսքով, դատախազությունը հավաքել է ապացույցներ, որոնք ենթադրում են, որ նրանք «պատասխանատու են պաղեստինյան տարածքում առնվազն 2023 թվականի հոկտեմբերի 8-ից կատարված ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների համար»:
Միաժամանակ դատախազը պահանջել է ձերբակալության օրդեր տալ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդների համար։