Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի նախարարական հատվածի շրջանակներում, որն անցկացվել է մայիսի 20-ից 21-ը, ընդունվել է համանախագահների համատեղ հայտարարություն, որին ի թիվս մասնակից մյուս երկրների միացել է նաեւ Հայաստանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Մասնակից երկրների հետ համատեղ աշխատանքների արդյունքում հայտարարության տեքստում արտացոլվել են մի շարք կարեւոր շեշտադրումներ, մասնավորապես.
- մասնակից երկրներն, ի թիվս այլ պարտավորությունների, հանձնառություն են ստանձնում պահպանելու եւ ամրապնդելու միջուկային եւ այլ ռադիոակտիվ նյութերի եւ օբյեկտների համապարփակ անվտանգությունը,
- անհանգստացած են միջուկային անվտանգության համար առկա եւ զարգացող սպառնալիքներով եւ հանձնառու են դրանց հասցեագրմանը,
- ընդգծում են, որ խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակում կամ հարձակման սպառնալիք կարող է վտանգել միջուկային անվտանգությունը եւ վկայակոչում են այդ ուղղությամբ իրենց պարտավորությունները, որոնք արտացոլված են մասնավորապես ԱԷՄԳ Գլխավոր Կոնֆերանսի համապատասխան բանաձեւերում եւ որոշումներում։
Համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի ելույթը կայացել է մայիսի 20-ին, որում եւս արտացոլված էին ինչպես միջուկային գլոբալ անվտանգության, այնպես էլ ոլորտում ՀՀ առաջնահերթությունների վերաբերյալ հիմնական շեշտադրումները։