Իսրայելը հետ է կանչում Իռլանդիայում եւ Նորվեգիայում իր դեսպաններին՝ խորհրդակցությունների համար, որը պայմանավորված է Պաղեստինի պետականությունը ճանաչելու այդ երկրների որոշումով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը։
«Ես կարգադրել եմ խորհրդակցությունների համար անհապաղ Իսրայել վերադառնալ Իռլանդիայի եւ Նորվեգիայի Իսրայելի դեսպաններին՝ այդ երկրների՝ Պաղեստին պետության ճանաչման մասին հայտարարելու որոշման ֆոնին: Ես հստակ ուղերձ եմ հղում Իռլանդիային եւ Նորվեգիային. Իսրայելը չի նահանջի նրանց առաջ, ովքեր խաթարում են նրա ինքնիշխանությունը եւ սպառնում են նրա անվտանգությանը»,-X-ի էջում գրել է նախարար Կացը։
Նա գրառման մեջ քննադատության է ենթարկել Պաղեստինի ճանաչման որոշումը Իսրայելի դեմ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժման իրականացրած հարձակման համատեքստում։
Ըստ Կացի՝ նման որոշումը «ազդանշան է ուղարկում պաղեստինցիներին եւ ողջ աշխարհին. ահաբեկչությունը ձեռնտու է»։
«Այս երկրների այլասերված քայլը անարդարություն է հոկտեմբերի 7-ի զոհերի հիշատակի նկատմամբ, խաթարում է 128 առեւանգվածներին վերադարձնելու ջանքերը եւ խթանում է Համասի եւ Իրանի ջիհադիստներին՝ ձգձգելով խաղաղության հնարավորությունը եւ կասկածի տակ դնելով Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»,-գրել է Կացը։
Նա նաեւ հայտնել է, որ Իռլանդիայի եւ Նորվեգիայի նման քայելը կունենան լուջ հետեւանքներ։ Բացի այդ, նա նախազգուշացրել է, որ դեսպանին հետ կանչելու նմանատիպ որոշում կհետեւի Իսպանիայի հետ կապված, եթե այն գնա Դուբլինի եւ Օսլոյի ճանապարհով եւ ճանաչի Պաղեստինը:
«Իռլանդա-նորվեգական հիմարությունը մեզ չի կանգնեցնում։ Մենք վճռական ենք հասնելու մեր նպատակներին․ վերադարձնել անվտանգությունը մեր քաղաքացիներին, վերացնել ՀԱՄԱՍ-ը եւ պատանդներին տուն բերել: Սրանցից ավելի արդար նպատակներ չկան»,-ավելացրել է Կացը։
Այսօր ավելի վաղ Նորվեգիայի կառավարությունը հայտարարել էր Պաղեստինը որպես պետություն պաշտոնապես ճանաչելու որոշման մասին, որն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ից։ Սրան հետեւել էր Իռլանդիայի իշխանությունների նմանատիպ որոշումը։
Politico պարբերականը, վկայակոչելով աղբյուրներին, գրել էր, որ օրվա ընթացքում ընթացքում Պաղեստինի պետականությունը ճանաչելու մասին կարող է հայտարարել նաեւ Իսպանիան։