«Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը ոչ միայն մեր ապագայի հարցն է, այլեւ ներկայում տեղի ունեցող աղետ։ Այդ գործընթացի իրավական հատվածն ամբողջությամբ հակասում է ե՛ւ մեր Սահմանադրությանը, ե՛ւ միջազգային սկզբունքներին։ Սա խաղաղության հասնելու կեղծ օրակարգ է»,- Արցախի քաղաքական գործիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա ընդգծեց՝ 2018 թվականից սկսվել է աղետալի մի գործընթաց, որը պետք է դադարեցնել։ Արքեպիսկոպոսը հիշեցրեց՝ այս պայքարը ճշմարտության մասին է, եւ այն պետք է հաղթի։ Առաջնային է հայրենիքի սահմաններն ամուր պահելը, երկրում հաշտության օրակարգ ունենալը, օրինակ` արցախցի եւ հայաստանցի, սեւ եւ սպիտակ բաժանումը, ատելությունը պետք է վերացնել։ Հարկավոր է մշտապես ուշադրության կենտրոնում պահել Արցախի հարցը, քանի որ այն պակաս կարեւոր չէ Հայոց ցեղասպանության հարցից։
Խոսելով իշխանության ներկայացուցիչների հրապարակած լուրերի մասին, թե մարդիկ շարժմանը մասնակցելու համար գումար են ստանում, Բագրատ սրբազանն ասաց․ «Իրենց համար անհավատալի է, որ մարդիկ կարող են միայն հայրենիք ու պատիվ ունենալու համար փողոց դուրս գալ։ Իրենք այդ դաստիարակությունը չունեն, չեն ապրել դա։ Գնացե՛ք, նման բաներ ասող այդ մարդկանց կենսագրությունները նայեք»։
Նա շեշտեց՝ այս իշխանությունները կրկնում են ադրբեջանաթուրքական թեզերը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին՝ փոխանակ պատասխանեն Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին։
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն, ի դեպ, ներկա չէր հանդիպմանը։
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Նելլա Գրիգորյանը եւս անդրադարձավ «շարժմանը փողով մասնակցելու» լուրերին։ «Այդ իրե՛նք են հանուն փողի ամեն ինչի պատրաստ։ Արցախցիները բողոքի են դուրս գալիս հանուն հայրենիքի, ոչ թե փողի»,- վստահեցրեց Նելլա Գրիգորյանը։
Նա նշեց՝ Արցախի հանձնման միակ մեղավորները Փաշինյանն ու իր խունտան են։ Արցախը հանձնեց Նիկոլ Փաշինյանը, երբ հոկտեմբերի 6-ին Պրահայում ասաց, որ Արցախն Ադրբեջան է։ Իսկ այժմ Հայաստանում կրկնվում է նույն սցենարը։
«Արցախում էլ խոստացան այլընտրանքային ճանապարհ կառուցել․․․ Նույնը հիմա տեղի է ունենում Կիրանցում․ մաս-մաս հանձնում են։ Եթե գյուղը շրջափակման մեջ լինի, այլընտրանքային ճանապարհը օգուտ չի բերի։ Ալիեւն ասել է, որ ոտքով գալու է Երեւան։ Ժողովուրդը պետք է արթնանա։ Ինձ զարմացնում է մեր ժողովրդի պահվածքը»,- ասաց Գրիգորյանը։
Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կարծիքով եւս Տավուշում կատարվողը շատ նման է Արցախում կատարվածին։
«Գոնե հիմա հստակ տեսնում եք, թե ով է հանձնում ՀՀ տարածքները։ Նույն կերպ Արցախի հետ վարվեցին։ Անկախ այդ սահմանագծման սյուներից՝ այնտեղ թշնամու զինվորներն են կանգնած լինելու։ Մարդիկ ուղղակի չեն կարողանա այնտեղ ապրել։ Միասին նման թշնամու հետ ապրելն անհնար է։ Այս ամենը շատ ավելի վայրագ կերպով տեղի ունեցավ Արցախում․․․ Սա այս իշխանությունների թեզն է»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Նա հիշեցրեց՝ դարերի ընթացքում եկեղեցին կարողացել է ժողովրդին միավորել, համախմբել։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն արցախցու, իջեւանցու կամ գյումրեցու պայքար չէ։ Սա հայի կռիվ է, լինել-չլինելու հարց է, Արցախ վերադառնալու հավատ ու վստահություն։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։