Ռուսաստանը մայիսի 16-ին տիեզերք է արձակել արբանյակ, որն ամենայն հավանականությամբ, տիեզերական զենք է եւ ունակ է հարձակվել Երկրին մոտ գտնվող արբանյակների վրա:
Այս մասին մայիսի 21-ի հայտարարել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի մամուլի քարտուղար Փեթ Ռայդերը։
Հարցին, թե արդյոք դա վտանգ է ներկայացնում ամերիկյան արբանյակների համար, Պենտագոնի խոսնակն ընդգծել է, որ սա հակաարբանյակային զենք է, որը գտնվում է նույն ուղեծրում, ինչ ամերիկյան արբանյակները։
«Մենք, անկասկած, հետեւելու ենք այս օբյեկտին»,-ասել է Ռայդերը:
Reuters գործակալությունը բացատրում է, որ խոսքը գնում է ռուսական «Космос-2576» արբանյակի մասին, որը նման է 2019 եւ 2022 թվականներին արձակված նույնատիպ սարքերին, որոնք ըստ Պենտագոնի նույնպես իրենցից ներկայցնում էին տիեզերական զենքեր։ Այս արբանյակներից մեկը երկար ժամանակ հետեւում էր ամերիկյան հետախուզական արբանյակին։ Ամերիկացի վերլուծաբանների կարծիքով՝ ռուսական նոր արբանյակը արձակվել է ամերիկյան «USA-314» հետախուզական արբանյակի նույնական ուղեծիր եւ, ըստ ամենայնի, ապագայում մոտ կլինի ամերիկյան արբանյակին։
Վերջին շաբաթներին տիեզերքում զենք տեղադրելու հարցը ՄԱԿ-ում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առճակատման պատճառ է դարձել։ Ապրիլին Ռուսաստանը վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ի կողմից պաշտպանված բանաձեւի նախագծի վրա, որը կոչ էր անում կանխել սպառազինությունների մրցավազքը տիեզերքում: Անցյալ շաբաթ Անվտանգության խորհուրդը մերժեց Ռուսաստանի առաջարկած բանաձեւի նախագիծը։