Ընթացիկ տարվա փետրվարի 28-ին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպեց «Գերմանիայի տնտեսության արեւելյան կոմիտեի» պատվիրակության հետ, հայտարարեց, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացրած ռազմական գործողությունների ընթացքում Բաքուն ճնշումների էր ենթարկվել ԵԱՀԿ Մինկի խմբի երեք համանախագահ երկրների կողմից։
«Նրանք չէին ուզում, որ մենք ազատագրենք մեր հողերը։ Երբ նախորդ սեպտեմբերին վերջ դրեցինք անջատողականությանը, նրանք նորից սխալվեցին: Նրանցից ոմանք շարունակում են այս սխալը։ Նկատի ունեմ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան։ Կարծում եմ, որ Ռուսաստանը լավ է հասկանում, թե ինչ է կատարվում հիմա եւ ընդունում է նոր իրողությունները։ Նույնը պետք է անեն ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան։ Հակառակ դեպքում իրավիճակն այնպիսին չի լինի, ինչպիսին նրանք նախատեսել էին։ Այդ երկրները պետք է աշխատեն Ադրբեջանի հետ, որը Հարավային Կովկասում առաջատար երկիր է իր տնտեսությամբ, բանակով, լայնածավալ միջազգային հարաբերություններով»,-ասել էր Ալիեւը։
Բայց թե ի՞նչ հակադիր քայլեր կարող էր անել Ալիեւը ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ երկու երկրների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեմ, նա այդպես էլ չի հստակեցնում։
Եթե ԱՄՆ-ն զուտ դիվանագիտական մակարդակով է փորձում իր աջակցությունը հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, եւ Բաքուն այս դեպքում որեւէ դժգոհություն չի կարող ունենալ, ապա Երեւանին ռազմատեխնիկական աջակցություն տրամադրող Ֆրանսիայի պարագայում խնդիրն այլ է։
Հայաստանին ուղղված դիվանագիտական ու քաղաքական աջակցությանը զուգահեռ ռազմական բաղադրիչի ավելացումը Ադրբեջանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները էլ ավելի վատթարացրեցին: Մարտի վերջին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիեւը հայտարարեց, որ Ֆրանսիան ակտիվորեն զինում է Հայաստանին, նրան մղում Ղարաբաղում նոր պատերազմի եւ Ադրբեջանում լրտեսական ցանցեր է ստեղծում։
Սրան հաջորդեց ապրիլի 17-ին Բաքվում Ֆրանսիայի դեսպանի հետկանչը, որը ֆրանսիական կողմը պայմանավորեց միջպետական հարաբերություններին վնաս հասցնող Ադրբեջանի գործողություններով։
Այս ամենին էլ հանկարծ հաջորդում են Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինի այն հայտարարությունները, որ Ֆրանսիային պատկանող խաղաղօվկիանոսյան Նոր Կալեդոնիա կղզեխմբում զինված ընդվզման ետեւում կանգնած է ոչ ավել, ոչ պակաս հենց 14․000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ադրբեջանը։
Արդեն չորս մարդու կյանք խլած բողոքի ցույցերը Նոր Կալեդոնիայում սկսվեցին, երբ մայիսի 15-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատը, 351 կողմ, 153 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կղզեխմբի օրենսդիր ժողովի ընտրությունների կարգը փոփոխող օրենքը։ Նոր փոփոխությունների համաձայն, կղզեխմբի ֆրանսիացի այն բնակիչները, ովքեր 10 տարի բնակվում են Նոր Կալեդոնիայում, ստանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունք։
Փոփոխությունների հակառակորդներն ու անկախության կողմնակիցները մտավախություն ունեն, որ նման նախաձեռնություններն էլ ավելի կմարգինալացնեն տեղաբնիկներին՝ կանակներին, որոնք կազմում են Նոր Կալեդոնիայի բնակչության մոտ 40%-ը, ինչի արդյուքնում կշահեն միայն տեղի ֆրանսիամետ քաղաքական գործիչներն ու այսպես կոչված «վերաբնակները»:
Կղզեխմբում զինված ապստամբության մասին դեռեւս մայիսի սկզբին հայտարարություններ էին հնչել անկախության համար առավել արմատական պայքարի կողմնակից` «Կալեդոնական միություն» (Union Calédonienne) կուսակցությունից, երբ Ֆրանսիայի խորհրդարանի ներկայացուցիչները ժամանել էին Նոր Կալեդոնիա եւ փորձել տեղում պարզել օրինագծի ընդունման նպատակահարմարությունը։
«Ընտրազանգվածի փոփոխության պարագայում պատերազմ է լինելու։ Մեր երիտասարդությունը պատրաստ է գնալ դրան։ Եթե պետք է զոհաբերել հազար մարդու, ապա մենք պատրաստ ենք»,-հայտարարել էր կուսակցության գլխավոր քարտուղար Դոմինիկ Ֆոշին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջին ընդհարումներից հետո հայտարարեց Նոր Կալեդոնիայում արտակարգ դրություն մտցնելու եւ բռնություններին կոշտ արձագանքելու, իսկ վարչապետ Գաբրիել Ատալը՝ կղզեխմբի նավահանգիստների եւ գլխավոր օդանավակայանի անվտանգության ապահովումը զինվորականներին հանձնելու մասին։
Բռնությունների հրահրման ուղղությամբ Ադրբեջանի աշխատանքների մասին մամուլում առաջին տեղեկությունները սկսել էին ի հայտ գալ նախորդ տարվա կեսերից։ Դեռեւս 2023-ի հուլիսի 6-ին Ֆրանսիայի անդրծովյան տարածքներ Նոր Կալեդոնիայի, ֆրանսիական Պոլինեզիայի, ֆրանսիական Գվիանայի եւ նմանատիպ այլ շրջանների տարածքներում գործող անջատողական շարժումների ներկայացուցիչների մասնակցությամբ Բաքվում գումարված համաժողովում ստեղծվել էր «Բաքվի նախաձեռնող խումբը»։ Որպես հավաքի գլխավոր նպատակ հռչակվել էր «աֆրիկյան մայրցամաքում եւ աշխարհի տարբեր շրջաններում Ֆրանսիայի նեոկոլոնիալիզմի (նեոգաղութատիրության) քաղաքականության վերացման ուղիների փնտրտուքը»։
Նախաձեռնության միջոցառումների շարքում առավել կարեւորներից էր հատկապես ընթացիկ տարվա ապրիլին կազմակերպված «Նոր Կալեդոնիա. պատմություն, ժամանակակից մարտահրավերներ եւ սպասվող ապագա» խորագրով համաժողովը։ Դրան մասնակցելու համար Նոր Կալեդոնիայից Բաքու ժամանած պատգամավոր Նեյսելին Օմայրան, որը գլխավորում է կղզեխմբի Կոնգրեսի ենթակառուցվածքների հանձնաժողովը, համագործակցության հուշագիր էր ստորագրել Ադրբեջանի հետ։
«Սա ներառում է քաղաքական աջակցություն: Միեւնույն ժամանակ, մենք կկարողանանք զարգացնել մեր համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը եւ բնապահպանությունը։ Մեզ համար նոր էջ է բացվում, այսօր մենք երկու ժողովուրդների միջեւ նոր պատմության հիմք ենք դնում»,-հայտարարել էր Օմայրան։
Արդեն կղզում ընդվզման բռնկումից հետո ադրբեջանական APA գործակալությունը գրել էր, որ Ֆրանսիայի «գաղութներում» անկախության համար պայքարող 14 շարժումների «Բաքվի նախաձեռնող խումբը» հայտարարություն է հրապարակել Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։
«Հայտարարությունը դատապարտում է ֆրանսիական կառավարության կողմից անօրինական փոփոխությունների հարկադիր իրականացումը Կանակի-Նոր Կալեդոնիայում՝ ընտրական զանգվածի ընդլայնման օգտին, ինչպես նաեւ լիակատար աջակցություն է հայտնում կանակ ժողովրդին անկախության համար նրա արդար պայքարում»,- ասվում է ադրբեջանական լրատվականի հրապարակման մեջ։
Սակայն, երբ այս ամենից հետո Փարիզից ուղիղ մեղադրանքներ հնչեցին Ադրբեջանի հասցեին, այդ երկրի ԱԳ նախարարությունը հատուկ հայտարարությամբ հերքեց Բաքվի դեմ ուղղված ցանկացած մեղադրանք՝ դրանք «անհիմն» որակելով։ Չնայած նման կտրուկ հերքմանը նույն հայտարարության տեքստում Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարին կոչ էր անում «կենտրոնանալ անդրծովյան շրջաններում իր երկրի ձախողված քաղաքականության վրա, որը հանգեցրել է նման բողոքի ակցիաների»։
Այս համատեքստում պատահական չէ նաեւ, որ ադրբեջանական մամուլը մեծ ակտիվությամբ սկսել է լուսաբանել Նոր Կալեդոնիայում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ համացանցի տարբեր հարթակներում լուսանկարների մի մեծ մասում կարելի է Ադրբեջանի դրոշներ տեսնել։
Արդյո՞ք տեղին է Նոր Կալեդոնիայում Ֆրանսիայի քաղաքականությունը «նեոկոլոնիալիզմ» որակելը
«Նեոկոլոնիալիզմ» կամ «նեոգաղութատիրություն» տերմինը շրջանառության մեջ է դրվել 1960-ական թվականներին, հատկապես Աֆրիկայում եվրոպական երկրների գաղութային կայսրությունների փլուզումից հետո, որը հայտնի է որպես «ապագաղութացման գործընթաց»։
Համարվում է, որ տերմինի այսպես ասած նախնական տարբերակը առաջինը կիրառել է Մարոկացի քաղաքական գործիչ Մեհդի Բեն Բարկան 1962 թվականին «Ժողովրդական ուժերի ազգային միություն» շարժման կոնֆերանսին հնչեցրած ելույթի ժամանակ, երբ նկարագրելով Սառը պատերազմի շրջանում եվրոպական երկրների աֆրիկյան քաղաքականությունը արտասանել էր «ալ-իսթիյմար ալ-ջադիդ» տերմինը [الاستعمار الجديد ], որը արաբերենից թարգմանվում է որպես «նոր գաղութատիրություն»։
«Նոր գաղութատիրությունը քաղաքականություն է, որը մի կողմից գործում է քաղաքական անկախության շնորհման եւ անհրսժեշտության դեպքում ինքնիշխանության հնարավորությունից զուրկ արհեստական պետության ստեղծման, իսկ մյուս կողմից բարգավաճման խոստումներով ուղեկցվող «օգնության» տրամադրման միջոցով, չնայած դրա բազաները փաստացի գտնվում են աֆրիկյան մայրցամաքից դուրս»,- բացատրել էր Բեն Բարկան իր ելույթում։
«Նեոկոլոնիալիզմը» որպես այդպիսին գործնական կիրառման մեջ առաջին անգամ դրել է Գանայի առաջին նախագահ Կվամե Նկրուման (1960-1966 թվականներ)։ Նա տերմինը լայնորեն կիրառել եւ դրա տեսական սահմանումը տվել էր 1965 թվականին հրատարակած իր աշխատության մեջ, որը հենց այդպես էլ վերնագրված էր․ «Նեո-կոլոնիալիզմ, իմպերիալիզմի վերիջին փուլը»։
«Ասիայի, Աֆրիկայի, Կարիբյան ավազանի եւ Լատինական Ամերիկայի նախկին գաղութատիրական տարածքների ռազմատենչ ժողովուրդների հետ առերեսվելով՝ իմպերիալիզմը պարզապես փոխում է մարտավարությունը։ Առանց երկյուղի, նա հրաժարվում է իր դրոշներից եւ նույնիսկ իր առավել ատելի վտարված պաշտոնյաներից: Այսպես, նախ գաղութարարը անկախություն է «շնորհում» իր նախկին հպատակներին, ինչին հետեւում է «աջակցության» տրամադրումը՝ նրանց զարգացման համար։ Սակայն նման արտահայտությունների քողի ներքո անթիվ մեթոդներ են մշակվում նախկին գաղութատիրոջ նպատակներին հասնելու համար։ Գաղութատիրությունը հավերժացնելը այս ժամանակակից փորձերի եւ միեւնույն ժամանակ «ազատության» մասին խոսակցության հանրագումարն է, որը հայտնի է դարձել որպես նեո-կոլոնիալիզմ»,-բացատրում է Նկրուման իր գրքում։
Հենց մեջբերված բացատրություններն ինքնին մատնանշում են այն կարեւոր հանգամանքը, որ «նեոկոլոնիալիզմ» տերմինն առաջին հերթին վերաբերում է անկախություն ստացած նախկին գաղութների նկատմամբ եվրոպական երկրների «մետրոպոլիաների» վարած քաղաքականությանը։ Ուստի Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից նման տերմինի կիրառումը մեղմ ասած տեղին չէ, քանի որ այս դեպքում Նոր Կալեդոնիան ոչ թե անկախություն ստացած տարածք է Ֆրանսիայից, այլ համարվում է հենց Ֆրանսիայի անդրծովյան տիրույթ, որն այդ երկրի ինքնիշխանության տարածքի լիարժեք մասնիկ է համարվում։
Մյուս կողմից Նոր Կալեդոնիայում անկախության կողմնակիցներին ցուցաբերվող աջակցության հարցում Ադրբեջանի կեղծավորության մասին խոսում է նաեւ այն հանգամանքը, որը Բաքուն անհասկանալիորեն նույն ձեւով «նեոկոլոնիալիզմի» դրսեւորում չի համարում Մեծ Բրիտանիայի անդրծովյան տիրույթները։
Էլ ավելի անհասկանալի է, որ ինքնորոշման պայքարին աջակցության մասին է խոսում այնպիսի երկիր, որը 1991 թվականին անկախության հռչակումից հետո հասկանալի պատճառներով միջազգային հանրությանը ներկայացել եւ շարունակում է ներկայանալ որպես պետությունների տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության սկզբունքի եւ ինքնիշխանության պահպանման մեծ ջատագով։
Ի՞նչ է Նոր Կալեդոնիան
Ավստրալիայի եւ Ֆիջիի միջեւ գտնվող Նոր Կալեդոնիան ֆրանսիական տարածք է հռչակվել 1853 թվականին։ Սկզբանական շրջանում ֆրանսիական կառավարությունը կղզեխումբը օգտագործել է որպես բանտարկյալների աքսորավայր։ Հայտնի է, որ միայն 1864-1897 թվականներին այնտեղ ուղարկվել է մոտ 22 հազար հանցագործ։
Կղզեխմբին ֆրանսիական անդրծովյան տիրույթի կարգավիճակ տրվել է միայն Երկորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թվականին, իսկ տեղի բոլոր բնակիչներին՝ անկախ էթնիկ պատկանելիությունից, Ֆրանսայի քաղաքացիություն է շնորհվել 1953-ին։
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ Նոր Կալեդոնիայի տեղաբնիկ կանակները փորձում են ընդվզել ֆրանսիական կառավարման դեմ։ Առավել հայտնի են հատկապես 1878, 1917 եւ 1988 թվականների ապստամբությունները, որոնք արագորեն ճնշվել էին ֆրանսիական ղեկավարության կողմից։
1998 թվականին ստորագրված համաձայնագրերով՝ Ֆրանսիան ընդլայնել է կղզեխմբի քաղաքական ինքնավարությունը եւ տեղական ընտրություններում ձայնի իրավունք շնորհել միայն այդ ժամանակ Նոր Կալեդոնիայում բնակվողներին։ Նույն համաձայնագիրը նաեւ նախատեսում էր, որ տեղում պետք է կազմակերպվեին թվով երեք հանրաքվեներ կղզեխմբի ապագան որոշելու համար։
Դրանք անցկացվեցին 2018, 2020 եւ 2021 թվականներին, որոնց ընթացքում տեղի բնակիչների մեծամասնությունը դեմ էր քվերակել Ֆրանսիայից անկախանալուն:
«Այսօր Ֆրանսիան էլ ավելի հիասքանչ երկիր է, քանի որ Նոր Կալեդոնիան որոշել է մնալ նրա կազմում»,- հայտարարել էր Մակրոնը 2021 թվականի հանրաքվեից հետո, չնայած, որ անկախության կողմնակիցները հայտարարել էին հանրաքվեի բոյկոտի մասին՝ պատճառաբնելով, թե այն կազմակերպվել էր կորոնավիրուսի համավարակի պայմաններում։
Կարեւոր է նաեւ նշել, որ Նոր Կալեդոնիայում այժմ ընթացող ընդվզումը հասունացել է Ֆրանսիայի համար ոչ այնքան բարենպաստ ներքին եւ արտաքին պայմաններում։
Խոսքն առաջին հերթին վերաբերում է Հյուսիսային եւ Կենտրոնական Աֆրիկան ընդգրկող Սահելի տարածաշրջանին։ Այստեղ Փարիզն իր քաղաքական ու ռազմական վերահսկողությունը վերջնականապես կորցրել է նախկին գաղութային երկներում՝ մեկը մյուսին հաջորդած ռազմական հեղաշրջումների հետեւանքով։
Նախ 2020-ին, ապա նաեւ 2021-ին Մալիում, 2022-ին Բուրկինա Ֆասոյում եւ 2023-ին Նիգերում հաստատված ռազմական խունտաները Ֆրանսիայից ոչ միայն պահանջեցին դուրս բերել զորքերն ու հեռացնել բազաները, այլեւ որոշեցին նրանց փոխարինել ռուսական մասնավոր ռազմական կազմակերպությունների ուժերով (Վագներ)։
Սրանց հաջորդել էին Կորսիկայի ինքնավարության հետ կապված հարցերը, որտեղ Փարիզը կղզու ինքնավարության կողմնակիցների հետ բանակցությունների արդյուքնում վերջնականապես զիջումների գնաց արդեն ընթացիկ տարվա մարտի սկզբին։
Այս պայմաններում Ֆրանսիայի դեմ Ադրբեջանի նման գործողություններն՝ ի թիվս հարակից այլ հարցերի, հավանաբար հետապնդում են երկու հիմնական նպատակ.
Ա․ հասնել Ֆրանսիայի հետ Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության (անկախ դրա տեսակից) շուրջ քննարկումների եւ պահանջել կա՛մ հնարավորինս կրճատել, կա՛մ դադարեցնել դրանք՝ զուգահեռաբար ընդգծելով, որ տարածաշրջանում օրակարգ թելադրողը Բաքուն է:
Բ․ հասնել տարածաշրջանում Հայաստանի վրա Ֆրանսիայի աճող ազդեցության առավելագույն թուլացմանը, որին դեմ չեն նաեւ Թուրքիան, Իրանը եւ Ռուսաստանը։ Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում որպես հավասարակշռող ուժ եւ կարեւոր գործընկեր դառնալու շուրջ տարվող աշխատանքների մասին անձամբ հայտարարել էր նախագահ Մակրոնը դեռեւս 2022-ի սեպտեմբերի 1-ին։
Սրանք հանգամանքներ են, որոնք հայկական դիվանագիտության համար առաջնային անելիքների շարքում է դասում ոչ միայն Ֆրանսիայից զիջումներ կորզելու Ադրբեջանի ցանկացած գործողություն բացառելը, այլեւ տարածաշրջանի հետ կապված հարցերում առեւտուր թույլ չտալը։
Թե որքանով են իրատեսական Բաքվի նման ծրագրերի գործնական մակարդակ հասցնելու հավանականությունը, դժվար է ասել: Ակնհայտ է, սակայն, որ` չնայած ունեցած աշխարհաքաղաքական դժվարություններին, առնվազն այս փուլում Մակրոնի կառավարությունը հաստատակամորեն շարունակում է Հայաստանի տարբեր ոլորտներում Ֆրանսիայի ներկայության ընդլայնումը։
Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։