Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ: Այս մասին հայտնում է Կառավարությունը։
Նշվում է, որ Փաշինյանը իր եւ ՀՀ պատվիրակության անունից խորը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնակատարին, նախագահի տեղակալներին, կառավարության անդամներին եւ Իրանի ողջ ժողովրդին:
Վարչապետն իր խոսքում ընդգծել է, որ Էբրահիմ Ռայիսիի եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, եւ «Հայաստանն ու հայ ժողովուրդը վշտակցում ու կիսում են բարեկամ Իրանի ողջ ժողովրդի ցավը»:
Փաշինյանը շեշտել է, որ «Էբրահիմ Ռայիսիի հետ ոչ միայն գործընկերային, այլ նաեւ ջերմ բարեկամական կապեր ունեին, որն ինքնին արտացոլվում էր Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Վարչապետը հույս է հայտնել, որ Էբրահիմ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ հարաբերությունների դրական միտումը կշարունակվի»:
Կառավարության հաղորդագրության համաձայն Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանի վարչապետի ներկայությունն իրենց «գոտեպնդում եւ ուժ է տալիս այս դժվարին օրերին»: Նրա խոսքով` տեղի ունեցած աղետը ցնցել է Իրանի ողջ ժողովրդին եւ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը:
Մոխամմադ Մոխբերը վստահեցրել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ՀՀ վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, կկրեն շարունակական բնույթ: