Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շապսը Չինաստանին մեղադրել է Ռուսաստանին մահաբեր զենք տրամադրելու մեջ, որը կարող է օգտագործվել Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս մասին հայտնում են Reuters-ը եւ Independent-ը։
«Այսօր ես կարող եմ հայտարարել, որ մենք ապացույցներ ունենք Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության մասին՝ Ուկրաինայում օգտագործվող զենքի ոլորտում», — ասել է Շապսը Լոնդոնում պաշտպանական համաժողովի ժամանակ:
Նրա խոսքով՝ ամերիկյան եւ բրիտանական հետախուզության նոր տվյալները հաստատում են, որ «Չինաստանից մահաբեր օգնությունն արդեն ուղարկվում կամ ուղարկվել է Ռուսաստան, իսկ այնտեղից տեղափոխվել Ուկրաինա»։ Նախարարը այլ մանրամասներ չի հայտնել մատակարարումների կամ հետախուզական տվյալների մասին։
Ելույթի ընթացքում Շապսը ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ձեւավորված մերձեցման վրա՝ նշելով, որ երկրների միջեւ առեւտուրն աճել է 64%-ով, ինչը, նախարարի խոսքերով «ցույց է տալիս, որ խոսքը գնում է [Մոսկվայի եւ Պեկինի միջեւ] շատ ավելի սերտ հարաբերությունների մասին»։ Նախարարը նաեւ հիշեցրել է Վլադիմիր Պուտինի վերջին այցը Չինաստան, որը նա կատարել է երդմնակալությունից անմիջապես հետո։
Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի ժամանակ Չինաստանը դարձել է տարբեր զինատեսակների, այդ թվում՝ հրթիռների արտադրության համար անհրաժեշտ միջոցների Ռուսաստանի հիմնական մատակարարը։ Օրինակ՝ Financial Times-ը գրել է, որ 2023 թվականին Ռուսաստանի ներկրած չիպերի 90%-ը եկել է Չինաստանից եւ օգտագործվել հրթիռների, տանկերի եւ ինքնաթիռների արտադրության մեջ։
Չինաստանի իշխանությունները ավելի վաղ, հայտարարել էին, որ Պեկինը ռուս-ուկրաինական հակամարտության կողմերից որեւէ մեկին զենք չի մատակարարում։