Թյուրքական աշխարհի երկրները պետք է սերտորեն համագործակցեն ռազմարդյունաբերական համալիրի հարցերում եւ ստեղծեն պաշտպանական արդյունաբերության էկոհամակարգ։ Թուրքիան պատրաստ է օգնել նրանց այդ հարցում, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Թույրքական երկրների խորհրդարանական վեհաժողովի մասնագիտացված հանդիպման ժամանակ։
«Անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը թյուրքական պետությունների միջեւ պաշտպանական արդյունաբերության եւ դրա էկոհամակարգի ստեղծման ոլորտում։ Սա կայուն դարձնելու համար մենք պետք է արագորեն անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք այնպիսի հարցերում, ինչպիսիք են գնումները, ուսուցումը, սպասարկումը: Թուրքիան միշտ պատրաստ է հնարավոր աջակցություն ցուցաբերել եղբայրական թյուրքական պետություններին պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության համար»,-Ֆիդանի խոսքերը մեջբերում է TRT Haber հեռուստաալիքը։
Ֆիդանի խոսքով՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ) դարձել է կայացած կազմակերպություն բոլոր ոլորտներում, եւ նրա հիմնական նպատակներն արտացոլված են «Թյուրքական աշխարհի տեսլականը մինչեւ 2040 թվականը» ճանապարհային քարտեզում։ Նա կողմ է արտահայտվել կազմակերպության քարտուղարության հզորացմանը՝ դրանում մշտական ներկայացուցիչներ նշանակելու, ընթացիկ նախագծերի արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ ԹՊԿ -ի համար միասնական պաշտպանական համակարգի ստեղծման օգտին։