«Ինձ համար ուրախացնող է, որ մարդիկ դուրս են եկել փողոց։ Դա ապացուցում է, որ մեր հասարակությունը քնած չէ, չի հաշտվում այն վիճակին, որը տիրում է մեր հանրապետությունում»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրնեիքի» շարժմանը։
Ասում է՝ վերջին շրջանում փորձել են տարածել այն միտքը, թե հասարակությունը հուսահատված ու հիասթափված է, ոչինչ անելու ցանկություն չունի, մինչդեռ այս շարժումը հակառակն է ապացուցում։ Իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հանրութան ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ, որոնք ծայրահեղ տարբեր հայացքներով են հանդես գալիս։
«Սա շատ հուսադրող է։ Նշանակում է՝ մեր հասարակությունը դեռ արթուն է, դիմադրողականությունը չի ընկել, ցանկություն ունի պայքարելու, իսկ դա շատ ավելի կարեւոր է, քան մնացած բոլոր ընթացիկ պրոցեսները»,- ասում է Կարապետյանցը։
Անդրադառնալով շարժմանը իշխանության եւ իշխանամերձ հարթակների, այդ թվում՝ «Հանրային հեռուստաընկերության» արձագանքներին եւ լուսաբանմանը, ինչից դժգոհ է ընդդիմությունը, իրավապաշտպանը նշում է․ «Երբ հեղափոխություն կոչված պրոցեսից հետո չեն տրվում քաղաքական եւ իրավական գնահատականներ այն բոլոր պրոցեսներին, որոնք նախկինում տեղի են ունեցել, նշանակում է՝ բոլոր ոլորտներում ունենալու ենք այն պատկերը, ինչը նախկինում էր»։
Մեր զրուցակցի խոսքով՝ ակնհայտ է, որ այս իշխանությունը չի գնում քաղաքական գնահատական տալու եւ բարեփոխման ճանապարհով, հետեւաբար ոչ մի զարմանալի բան չկա, որ «Հանրային հեռուստաընկերությունը» չի լուսաբանում ընդդիմադիր գործընթացները։
«Եվ սա միայն Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին չէ։ Երկրում շատ լուրջ երթեր, հավանքներ են եղել, որոնց անդրադարձ չի եղել։ Տպավորություն է՝ երկրի ներում ոչինչ տեղի չի ունենում։ Դա այսօրվա խնդիրը չէ, 30 տարվա որդեգրած քաղաքականությունն է։ Այսպես եղել է միշտ, եւ ներկայիս իշխանությունը նույն մերժված ռեժիմին է հավասարվել իր գաղափարախոսությամբ ու վարաքագծով։ Գուցե մեկ-երկու գործողություն կա, որին դեռ չի գնացել, եւ հուսամ՝ ողջամտություն կունենա՝ ճակատագրական գործողությունների չգնալու»,- ասում է Կարապետանցը։
Ինչ վերաբերում է Ոստիկանության գործողություններին, իրավապաշտպանը նշում է, թե յուրաքանչյուր երթի կամ խաղաղ հավաքի ժամանակ տեսանելի է՝ ոստիկաններն ունե՞ն հրահանգ՝ ցուցարարներին բերման ենթարկելու, թե՞ ոչ։
«Խաղաղ երթի ընթացքում մարդիկ մայթերով քայլում են, բայց նրանց տանում են ոստիկանության բաժանմունք․ այդտեղ ոչ միայն իրավական, այլեւ մարդկային-բարոյական տրամաբանություն չկա։ Իսկ երբ լսում ենք իշխանության ներկայացուցիչներին, հասկանում ենք, որ ոչինչ չի փոխվել նրանց մտածողության մեջ։ Այն ժամանակ իրենց բռնության ենթարկելու հրահանգներ էին լինում, հիմա իրենք են այդ հրահանգը տալիս»,- ասում է Կարապետյանցը։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը շարժման սկզբից ոստիկանության բիրտ ուժի կիրառում է նկատել հատկապես սահմանամերձ գոտիներում։ Նա «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ քաղաքացիներն արդարացիորեն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել․ մի կողմից սահմանազատման գործընթացի՝ միջազգային չափանիշներին անհամապատասխանության հարցն է, մյուս կողմից էլ պետության ղեկին կանգնած անձինք երաշխիքներ չեն տալիս, որ միակողմանի եւ չարդարացված զիջումները կարող են հանգեցնել քաղաքական եւ անվտանգային որոշակի կայունության։
Հարցեր են հնչեցվում՝ միջազգային ի՞նչ չափանիշներով պետք է իրականացվի սահմանազատման գործընթացը, ինչպե՞ս պետք է միջազգային հանրությունը համամասնակից լինի դրան, ինչպիսի՞ ընթացակարգեր պետք է լինեն։
«Ցանկացած անհատ իրավունք ունի իր բողոքի ձայնը բարձրացնելու։ Անգամ մեկ քաղաքացի եթե դուրս գա փողոց ու բողոք հնչեցնի, դրան պետք է արձագանք լինի։ Իսկ այժմ բողոքող հանրությանը թիվը փոքր չէ։ Իշխանությունը, փոխանակ պատասխաններ տա այդ հարցադրումներին, անլուրջ է արձագանքում։ Որեւէ փաստարկ ու հակափաստարկ չի բերում, տեսնում ենք տոտալ անլրջություն կամ իշխանամաերձ լրատվամջոցների, այդ թվում՝ «Հանրային հեռուստաընկերության» ու խմբերի միջոցով ծաղրի տարածում, ատելության խոսքի տարբեր դրսեւորումներ։ «Հանրային հեռուստաըներության» իրականությունն էլ չի համապատասխանում մեր իրականությանը։ Շարունակում է կենսական լինել հայտնի անեկդոտը՝ «կցանկանայի ապրել «Հանրային»-ի Հայաստանում»»,- ասում է իրավապաշտպանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ու մինչև 2018 թվականը ընդդիմության շարժումերը եղել են մարդու իրավունքների, ժողովրդավարության և այն արժեքների համար, որոնք հասարակությանը կրթում են, զարգացնում են, ձեւավորում են փոխադարձ հարգանք։ «2018-ից ի վեր այդ ասպարեզում անկում է նկատվում, եւ դրա պատասխանատուն իշխանությունն է՝ իր խոսույթով։ Արժեզրկելով ժողովրդավարական գաղափարները, մարդու իրավունքների վերաբերյալ պատկերացումները, չկատարելով խոստումները՝ ստանում ենք այդ արժեքների հանդեպ հասարակական լայն շերտերի հակազդեցություն։ Միեւնույն ժամանակ վերջիններս սկսում են առավել հետադիմական ւ ոչ ժողովրդավարական լեզվով խոսել»։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: