ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ դեպի Պաղեստինի պետականություն տանող ճանապարհը բանակցություններն են, ոչ թե միակողմանի ճանաչումները։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Վաշինգտոնի նման արձագանքը հաջորդել է Իռլանդիայի, Իսպանիայի եւ Նորվեգիայի՝ մինչեւ այս ամսվա վերջ Պաղեստին պետությունը վերջնականապես ճանաչելու մասին հայտարարություններից հետո։
Սալիվանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ յուրաքանչյուր երկիր կարող է ինքնուրույն որոշում կայացնել Պաղեստին պետության ճանաչման վերաբերյալ, սակայն «նախագահը կարծում է, որ կողմերի միջեւ ուղիղ բանակցությունները լավագույն մոտեցումը կարող է լինել»։
Լրագրողի հարցին, թե ինչպիսին է ԱՄՆ արձագանքը այլ երկրների կողմից Պաղեստին պետության հնարավոր ճանաչման շուրջ, Սալիվանը պատասխանել է, որ ԱՄՆ-ն գործընկերներին կտեղեկացնի իր դիրքորոշման մասին։ «Մենք կտեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։