Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի «խնդրանքների շարքը» որպեսզի որոշի, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը Երեւանին աջակցելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։
«Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե ավելին ինչ կարող ենք անել Հայաստանին մեր աջակցությունն ու նրա հետ համագործակցությունն ամրապնդելու համար», — ասել է Բլինկենն այլ մանրամասներ չհայտնելով։
Նա նաեւ հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Բրյուսելում կայացել էր իր համատեղ հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարը ընդգծել է, որ այդ խորհրդակցությունները կայացել են՝ նույն նպատակը ունենալով․ պարզել թե ինչ կարող են անել ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն «Հայաստանին աջակցելու համար»։
«Եվ մենք առաջ ենք գնալու մի շարք տարբեր ոլորտներում», — նշել է Բլինկենը եւ հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը կստորագրեն խաղաղության պայմանագիրը։