Ֆրանսիական ոստիկանության եւ ժանդարմերիայի ուժերը կմնան Նոր Կալեդոնիայում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ երկրի անդրծովյան տիրույթ համարվող կղզեխումբ կատարած այցի ժամանակ։
«Անվտանգության ուժերը, որոնք առաջիկա մի քանի ժամում կտեղակայվեն Նոր Կալեդոնիայում, կմնան այնտեղ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Առաջնահերթ խնդիրը հանրապետական կարգի վերականգնումն է»,-X-ի էջում գրել է Մակրոնը։
Ինչպես պարզաբանում է Le Monde թերթը, երկրի ղեկավարը Նոր Կալեդոնիայում Ֆրանսիայի Գերագույն հանձնակատարի գրասենյակ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ կղզեխումբ ուղարկված իրավապահների թիվը կավելացվի 3 հազարով, եւ հավելել, որ նրանց ներկայությունը լարող է պահպանվել նույնիսկ այս տարի Փարիզում անցկացվող Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի ընթացքում։
Միաժամանակ նա նշել է, որ արտակարգ դրությունը չի երկարաձգվի, եթե տեղի հասարակական եւ քաղաքական գործիչները խռովարարներին կոչ անեն ճանապարհներից հեռացնել բարիկադները։
Մակրոնը վստահեցրել է, որ հանդարտության հաստատումը չի լենելու կղզեխմբում անկախության համար անցկացված երեք հանրաքվեների արդյունքներից նահանջի միջոցով։
«Ցանկանում եմ, որ մենք ունենանք արդար, անմիջական, բաց բանավեճ քաղաքական եւ ինստիտուցիոնալ խնդիրների, ինչպես նաեւ այն նախագծերի շուրջ, այն շրջանակներում, որը ես նախանշեցի 2018 թվականին իմ այցի ժամանակ։ Մենք պետք է գանք կառուցողական խաղաղության»,-ասել է Ֆրանսիայի նախագահը տեղի քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ, որի միա հատված հրապարակվել է X-ի էջում։