Քանի դեռ Հայաստանում գերակա են սահմանազատման ու սահմանագծման գործընթացները (ինչն, անշուշտ, կարեւոր է), մեկ այլ կարեւոր թեմա եռում է՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային կոմունիկացիաները:
Վերջերս Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջեւ ստորագրվեց «Հուշագիր Անդրկասպյան միջազգային երթուղու զարգացման փոխըմբռնման մասին» (կամ «Միջին միջանցք»-ի):
Այն մեր տարածաշրջանով պետք է միավորի Ասիան Եվրոպայի հետ, ինչը, ըստ էության, չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երթուղին է: Սրա մեջ մտնում են ներդրումներ կանաչ տնտեսության եւ այլ ոլորտների ուղղությամբ: Հետաքրքիր է, որ այս հուշագրին միացել է USAID-ը:
Եվրոպայի շահագրգռվածությունը հասկանալի է, ԵՄ-ն իր առաջատար երկրներով հասկանում է ԱՄՆ-ի դիրքերի թուլացման, հետագայում Թրամփի անկանխատեսելի քայլերի հնարավոր հետեւանքները եւ ռուսական վտանգը իրենց գլխին ու դրա համար սերտացնում է հարաբերությունները Չինաստանի հետ:
Դեռեւս անցած տարի այդ ուղղությամբ կարեւոր քայլեր սկսեցին Մակրոնն ու Ֆոն Դեր Լայենը, այս տարի՝ արդեն Շոլցը: Վերջերս էլ հատկանշական էին Սի Ձին Պինի այցերը Ֆրանսիա, Սերբիա, Հունգարիա՝ ջերմ ընդունելությամբ:
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը մի հետաքրքիր նկատառում է արել, ըստ որի Սին այդպիսով այցելեց Եվրոպայի լիբերալ Ֆրանսիա, պահպանողական Սերբիա եւ Հունգարիա, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ:
Ըստ այդմ, կարելի է ասել, Չինաստանը կրկնակի խաղադրույք է անում եւ խաղում Եվրոպայի բոլոր բեւեռների հետ:
Ադրբեջանը պահը չի կորցնում եւ Չինաստանի ծրագիրը ներկայացնում է միջանցքային իր քաղաքականության տրամաբանությամբ։ Ի դեպ, կարելի է ասել, որ Հարավային Կովկասում այդ հարցում նա դարձել է Չինաստանի գլխավոր գործընկերը:
Թուրքիան նույնպես առանցքային դերակատար է եւ գլխավոր շահառուներից մեկը:
Չինաստանում, ռուս-ուկրաինական պատերազմից սկսած՝ չեն էլ մտածում Ռուսաստանոի մասին, ուստի առանցքային է Միջին Ասիա-Հարավային Կովկաս-Եվրոպա երթուղին:
Երբ Չինաստանն ու Իրանը ընդգծեցին իրենց ռազմավարական գործընկերությունը, վերջինս ողջունեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը, սակայն զուգահեռ ունի իր ծրագրերը՝ կապված «Հյուսիս-հարավ»-ի հետ:
Իրանն ու Հնդկաստանը ցանկանում են ստեղծել Պարսից ծոցը Սեւ ծովին միավորող միջանցք եւ հասնել եվրոպական շուկա (ամենակարեւորը էներգետիկ շուկան է, քանի որ ուկրաինական պատերազմից հետո այդ ուղղությունը բաց է իրենց համար):
Չաբահար նավահանգստի վերջին ներդրումներից հետո ամերիկյան կողմից սկսեցին հասկացնել, որ հնարավոր են սանկցիաներ, սակայն թե՛ Հնդկաստանի, թե՛ Իրանի, թե՛ մեզ համար այս ծրագիրն ունի առանցքային նշանակություն:
Թեեւ մեր ղեկավարությունը ընդգծում է ծրագրի կարեւորությունը, վերջերս Հնդկաստանի դեսպանը հայտարարեց, որ սպասում են Հայաստանի առաջարկներին նավահանգստի ներդրումների հետ կապված:
Այսպիսով Հայաստանն իրանական ու չինական ծրագրերի մեջտեղում է։ Առաջինի դեպքում Հայաստանն առանցքային է (թեեւ կան շրջանցելու տարբերակներ), երկրորդ դեպքում՝ ոչ, սակայն Թուրքիան եւ Ադրբեջանը կապում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» գոտի-ճանապարհի հետ:
Չնայած այս ամենին, կա տեսակետ, որ չինական եւ իրանական ծրագրերը խաչվում են, քանի որ՝
ա) Թուրք-ադրբեջանական տանդեմը արտատարածքային միջանցք է պահանջում Հայաստանից,
բ) Թեեւ Ռուսաստանն ասում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արտատարածքային միջանցքի հարց չի կարող լինել, նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Ռուսաստանի ԱԴԾ-ն պետք է հսկի այդ կոմունիկացիան
գ) Եվ վերջապես հենց այնպես չէ իրանական կողմը ընդգծում, որ չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի կորուստը, հիշենք նաեւ Խամենեի զգուշացումը Պուտինին եւ Էրդողանին այդ հարցում:
Վերջիվերջո Թուրքիան հանձն է առել մի ծրագիր, ըստ որի Ծոցի երկրներին կարող է միավորել Սեւ ծովին: Մեկ այլ առանձին ծրագիր էլ ուներ Հնդկաստանը Մերձավոր Արեւելքի երկրների հետ, ինչը նույնպես կտաներ նրանց եվրոպական շուկա, սակայն իսրայելա-պաղեստինյան լարվածության վերսկսումը խաթարեց այն:
Այսպիսով առանցքային են դառնում կոմունիկացիաների հարցերը, Թուրքիան եւ Ադրբեջանն էլ տեղում չեն դոփում եւ նույնիսկ սկսել են ֆինանսավորման ու կառուցման աշխատանքները:
Դրանից բխում է, որ Հայաստանի ուղղությամբ միջազգային ճնշումներն էլ ավելի են մեծանալու, նոր պահանջներ են առաջ գալու, ուստի սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջական գործընթացի շղթայի մի հատվածն է ընդամենը:
Արմեն Մկրտչյան