Վաշինգտոնը չի աջակցում կամ խրախուսում Ուկրաինայի տարածքից դուրս Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների կողմից Ուկրաինային մատակարարվող զենքի օգտագործումը, սակայն Ուկրաինան ինքն է որոշում, թե ինչպես արդյունավետ կառավարել այդ զենքերը: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների խնդիրն է Ուկրաինային մատակարարել այն սպառազինությունը, որն անհրաժեշտ է ռուսական ներխուժումը հետ մղելու համար։
Ավելի վաղ Բլինկենը Կիեւ կատարած այցի ժամանակ ասել էր, որ թեեւ Միացյալ Նահանգները չի խրախուսում հարվածները Ուկրաինայի տարածքից դուրս, այնուամենայնիվ Կիեւը «ի վերջո պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի, թե ինչպես վարվել այս պատերազմում»: Նա, սակայն, չէր հստակեցրել, թե արդյոք իր պատասխանը վերաբերում է նաեւ ամերիկյան զենքին։
Կոնգրեսի մի քանի անդամներ, այդ թվում՝ հանրապետական կոմիտեի նախագահ Մայքլ Մաքքոլը, չորեքշաբթի օրը կայացած լսումների ժամանակ հարցեր էին ուղղել Բլինկենին այն մասին, թե ինչու է Ջո Բայդենի վարչակազմն արգելում Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենքը Ռուսաստանի ներսում գտնվող թիրախներին հարվածելու համար: Նրանք, մասնավորապես, պնդել էին, որ նման արգելքի կողմնակիցն է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, մինչդեռ Կոնգրեսը նման սահմանափակումներ չի սահմանել Ուկրաինային օգնություն հատկացնելու վերաբերյալ իր որոշումներում։