Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել հստակեցնել, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) որ երկրներին է ի նակտի ունեցել 2020 թվականի 44 օրյա պատերազմի նախապատրաստման հարցում Ադրբեջանին աջակցելու հետ կապված հայտարարության մեջ։
«Անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է, թե ո՞ր երկրների մասին էր խոսում Հայաստանի վարչապետը։ Մենք, ինչ է, պետք է ինքնուրո՞ւյն հասկանանք դա։ Թե՞ մեզ այնուամենայնիվ հետո կասեն այդ մասին։ Կարծում եմ, որ դրանք բարձրաձայնելը միանգամայն տրամաբանական կլինի, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է»,-ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով «ՀԱՊԿ-ի առնվազն երկու երկիր մասնակցել է» 2020 թվականին Արցախի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։
Անդրադառնալով առանձին Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությանը ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է․ «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նա արեց հնարավոր ամեն ինչ, եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսեց այս մասին, նա այս մասին խոսեց 2020 թվականի հոկտեմբերի 17-ին ռուսական հեռուստատեսությամբ. մեջբերում եմ․ «Որպեսզի Հայաստանը իրեն լքված ու մոռացված չզգա»։