Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թույլատրել է առգրավել եւ բռնագրավել ԱՄՆ-ի, ամերիկացի քաղաքացիների, ռեզիդենտների, հիմնականում ամերիկյան շուկայում գործող ընկերությունների եւ նրանց պատկանող ընկերությունների ունեցվածքը՝ արեւմտյան երկրներում ռուսական առգրավված ակտիվների համար։ Հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական պորտալում։
Հրամանագիրը թույլ է տալիս ռուսական ընկերություններին եւ անհատներին դիմել ռուսական դատարաններ՝ ԱՄՆ դատարանների կամ պետական կառույցների կողմից հրամայված գույքի արգելանքն անհիմն ճանաչելու համար:
Եթե ռուսական դատարանը գտնի, որ բռնագրավումն անհիմն է, հատուկ կառավարական հանձնաժողովը պետք է փոխհատուցում առաջարկի Ռուսաստանում հայտնաբերված ԱՄՆ-ի հետ կապ ունեցող ակտիվների հաշվին:
Պուտինի հրամանագրով թույլատրվում է բռնագրավել ԱՄՆ-ի կամ այդ երկրի բնակիչների ու քաղաքացիների անշարժ գույք, արժեթղթերը, ռուսական ընկերությունների բաժնետոմսերը եւ Ռուսաստանում սեփականության իրավունքները:
Փաստաթղթում ասվում է, որ այն կազմվել է Ռուսաստանի եւ Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ ԱՄՆ-ի «ոչ բարեկամական եւ միջազգային իրավունքին հակասող» գործողությունների հետ կապված։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ընդունած օրենքը Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։ Օրինագծի կետերից մեկը թույլ է տալիս հօգուտ Ուկրաինայի բռնագրավել ԱՄՆ իրավասությանը ենթակա ռուսական պետական ակտիվները։