Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառների վերաբերյալ նախնական զեկույցը։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Զեկույցում նշվում է, որ տեղի ունեցածի որոշ մանրամասներ վերանայելու համար «ավելի շատ ժամանակ» է անհրաժեշտ։
Հետաքննության նախնական տվյալներով ուղղաթիռը հետեւել է թռիչքի համար նախանշված ուղուն եւ չի փոխել երթուղին։ Վթարից մոտ մեկուկես րոպե առաջ կործանված ուղղաթիռի օդաչուն կապ է հաստատել թռիչքային թիմի երկու այլ ուղղաթիռների հետ։
«Վթարի ենթարկված ուղղաթիռի բեկորների վրա կրակոցների կամ նմանատիպ վնասի հետքեր չեն հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գլխավոր շտաբի տվյալներով՝ ուղղաթիռը բռնկվել է լեռան հետ բախումից հետո։ Հետաքննությունը նաեւ ցույց է տվել, որ դիսպետչերական անձնակազմի եւ ուղղաթիռի անձնակազմի միջեւ եղած խոսակցությունների ըթացքում «կասկածելի ոչինչ չի նկատվել»։
Ուղղաթիռը, որում եղել է ութ մարդ, այդ թվում՝ Իրանի նախագահ էբրահիմ Ռաիսին եւ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, կործանվել է մայիսի 19-ի երեկոյան, երբ իրանական պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջանից հետ սահմանային հատվածից։