Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին ուշ երեկոյան Մինսկի օդանավակայանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դիմավորելուց հետո հայտարարել է, որ «հետաքրքիր» առաջարկներ ունի Հարավային Կովկասի անվտանգության հետ կապված։
«Ես շատ հետաքրքիր առաջարկ ունեմ մեր տարածաշրջանի եւ այնտեղ՝ ավելի հեռվում՝ Կովկասի [տարածաշրջանի] համար, մենք դա շատ լուրջ քննարկել ենք վերջերս՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ։ Կարծում եմ, որ մենք, ինչպես միշտ, առաջին պլան ենք մղելու անվտանգության խնդիրները, իսկ վաղը կառավարության գործընկերների հետ միասին կքննարկենք տնտեսական հարցեր»,-ասել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահը Ադրբեջան այցելել էր մայիսի 16-17-ը, որտեղ նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ վերւինս «պատասխանատու է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ ողջ Կովկասի համար»։
Մեկ այլ դրվագում էլ Լուկաշենկոն պատմել էր․ «Հիշում եմ մեր զրույցը պատերազմից առաջ, ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եկանք այն եզրակացության, որ պատերազմում կարելի է հաղթել»։
Սրան ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում նախ հայտարարեց, որ իր տեղեկություններով ՀԱՊԿ անդամ երկու երկրներ աջակցել են Բաքվին 2020 թվականի 44-օրյա պատերազմը նախապատրաստելու հարցում, ապա նաեւ շեշտեց․ «Ուրախ եմ, որ Լուկաշենկոն ասեց այդ մասին հրապարակավ»։