Պաղեստինի անկախության ճանաչումը ՀԱՄԱՍ-ի համար նվեր չէ: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։
«Պաղեստինի պետության ճանաչումը ՀԱՄԱՍ-ի համար նվեր չէ, այլ ճիշտ հակառակը։ Պաղեստինի [Ազգային] իշխանությունը ՀԱՄԱՍ չէ: Ընդհակառակը, նրանք երկար ժամանակ առճակատման մեջ են միմյանց հետ»,-մեջբերում է Բորելի խոսքերը Reuters գործակալությունը։
Նա նաեւ նշել է, որ «յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ մեկը որոշում է աջակցել պաղեստինյան պետությանը», Իսրայելը փորձում է «այն վերածել հակասեմական հարձակման»։ Բորելը հիշեցրել է, որ ԵՄ-ն ֆինանսավորում է Պաղեստինի ազգային վարչակազմին, իսկ եվրոպացի պաշտոնյաները հանդիպում ու բանակցում են դրա ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ Պաղեստինի անկախությունը ճանաչելու որոշման մասին հայտարարել էին Իռլանդիան, Իսպանիան եւ Նորվեգիան։ Ի պատասխան՝ Իսրայելն այդ երկրներից հետ է կանչել իր դեսպաններին, իսկ Իսրայելում այդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները հրավիրվել են արտգործնախարարություն։
X-ի հարթակում Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն էլ գրել էր, որ Եվրոպական երկրների նման որոշումը «պարգեւատրում է հոկտեմբերի 7–ին Իսրայելի դեմ կատարված ահաբեկչության համար»։