ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատման գործընթացի արդյունքում ձեռք բերված առաջընթացը։ Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին, եվրոպական գործերի եւ առեւտրի նախարար Յան Բորգի հետ։
«Որպես կարեւոր կազմակերպության՝ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ, ես ողջունում եմ սահմանների սահմանազատման գործընթացում ձեռք բերված առաջընթացը։ Ես հրապարակայնորեն հայտնել եմ մեր աջակցությունը այս գործընթացի կառուցողական շարունակությանը։ Որպես ԵԱՀԿ գործող նախագահ եւ Մալթայի արտաքին գործերի նախարար՝ միակ այլընտրանքը համարում եմ դիվանագիտական ճանապարհը»,-ասել է Բորգը։
Իր խոսքում նա նշել է, որ Հայաստանին եւ Ադրբեջանին իր ակտիվ աջակցությունն է հայտնում համապարփակ եւ ներառական երկխոսության միջոցով երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։
«Սա հենց այն է, ինչ նրանք անում են, եւ հնարավորության սահմաններում նրանց պետք է ուղեկցեն միջազգային գործընկերները։ Հատկանշական է, որ խաղաղ բանակցությունները առաջընթաց են ապրում։ Կարեւոր է, որ այս միտումը շարունակվի, եւ ԵԱՀԿ-ն լիովին հավատարիմ է այս ուղղությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ջանքերին աջակցելուն»,-նշել է մալթացի դիվանագետը։
Պատասխանելով ԵԱՀԿ-ի եւ դրա Մինսկի խմբի համանախագահների գործունեության շուրջ Բաքվից հաճախ հնչող դժգոհությունների մասն հարցին դիվանագետը նշել է․ «Մեր հանձնառությունը մնում է ամուր, քանի որ մենք ձգտում ենք խթանել երկխոսությունը եւ բարելավել փոխըմբռնումը դեպի կայուն խաղաղություն շարժվելու համար: ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել պայմանավորվածությունների առաջընթացին եւ իրականացմանը, ինչպես նաեւ հակամարտության հետեւանքների վերացմանը դրանից տուժած բոլոր կանանց, տղամարդկանց, երեխաների եւ տարեցների համար»։
Անդրադառնալով տարածաշրջնաում տիրող իրադրությանը Բորգը նշել է, որ քաղաքական եւ անվտանգության հետ կապված իրավիճակը կայուն է թվում եւ երբեմն խոցելիության աստիճան դինամիկ: Ըստ դիվանագետի, չնայած սահմանազատման գործընթացը առաջընթաց է գրանցել եւ խաղաղության պայմանագրի ստորագրման հույսեր կան, այնուամենայնիվ «կայուն, երկարաժամկետ կարգավորումը երկու կղմերից դեռեւս պահանջում է լուրջ փոխզիջումներ եւ բավարար քաղաքական կամք»։